Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, հայտնում է Գագլոևի մամուլի գրասենյակը։
Դե ֆակտո նախագահը Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի հետ։ Հանդիպման ընթացքում Գագլոևն ու Կոզակը կքննարկեն երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Հարավային Օսիայի նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցների աշխատավարձերի ու թոշակների բարձրացման խնդիրը։
Ի դեպ, դե ֆակտո հանրապետության բյուջեի ավելի քան 95 տոկոսը գալիս է Ռուսաստանի Դաշնության բյուջեից։ Ցխինվալիից քաղաքացիական ակտիվիստները վերջերս շեշտել են, որ Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներն առաջին հերթին ազդել են Հարավային Օսիայի վրա։
Ըստ նրանց` առաջնային սպառման ապրանքների գները գրեթե կրկնապատկվել են, իսկ աշխատավարձերը մնում են նույնը, ինչը վատթարացնում է օկուպացված շրջանի բնակիչների սոցիալական վիճակը։