
Հարավային Օսիայի հետ շփման գծին՝ Էրգնեթի գյուղի մոտակայքում Վրաստանի երեք քաղաքացիներ են ձերբակալվել: Այս մասին հաղորդում է պետական անվտանգության ծառայությունը:
«Ռուս զինվորականների կողմից Վրաստանի քաղաքացիների անկանոն ձերբակալությունից հետո «թեժ գիծն» ակտիվացել է, ինչպես նաև, տեղեկություն է հաղորդվել ԵՄ դիտորդական առաքելության և Ժնևի միջազգային խորհրդի համանախագահներին», — ասված է ՊԱԾ-ի հաղորդագրության մեջ։
Ըստ ՊԱԾ-ի՝ ապօրինի ձերբակալված մեկ անձ առաջիկայում կհանձնվի Վրաստանի կենտրոնական կառավարությանը, ակտիվ աշխատանքներ են տարվում ապօրինի կալանքի տակ մնացած անձանց ազատ արձակելու ուղղությամբ։
«Անօրինական ձերբակալությունների ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը»,-ասվում է ՊԱԾ հաղորդագրության մեջ ու նշվում, որ քաղաքացիների անօրինական ձերբակալությունները զգալիորեն բարդացնում են անվտանգության միջավայրը և բռնազավթված տարածքների ողջ գծի երկայնքով տեղի բնակչության առօրյան։