
«Հարավային Օսիայի համար Վրաստանի նախագահական ընտրությունները որևէ կարևորություն չունեն, քանի որ Թբիլիսիի քաղաքականությունը չի փոխվելու»,- այս մասին հայտարարել է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը:
Վերջինիս խոսքով, Վրաստանում որևէ քաղաքական գործիչ չի ցանկանում «Հարավային Օսիայի հետ ուժ չկիրառելու մասին համաձայնագիր ստորագրել»:
«Մեզ համար լրիվ մեկ է, թե ով կլինի Վրաստանի նախագահը: Հասկանում ենք, որ դա որևէ կերպ չի կարող ազդել Վրաստանի և Հարավային Օսիայի հարաբերությունների վրա: Վրաստանում որևէ մեկը չի ցանկանում Հարավային Օսիայի հետ հարաբերություններ հաստատել և ուժ չկիրառելու մասին համաձայնագիր ստորագրել»,- հայտարարել է Բիբիլովը:
Բիբիլովը նաև նշել է, որ «Հարավային Օսիան միայն իր ուժերին և Ռուսաստանի Դաշնության աջակցությանն է ապավինում»: