Վրաստանի կողմից չվերահսկվող Հարվային Օսիայի դե ֆակտո բարձրաստիճան պաշտոնյաները վերջին շրջանում հաճախ են խոսում Ռուսաստանի կազմ մտնելու մասին: Հարավային Օսիայից հնչող այս հայտարարությունները թերևս կայծ դարձան՝ վրացական քաղաքական դաշտում նոր լարված իրավիճակի ստեղծմանը: Այս ամենն ավելի բորբոքվեց, երբ ռուսական կողմից հնչեցին նաև Աջարիայի հնարավոր անկախացման մասին լուրերը։
Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ թե՛ միջազգայնորեն, թե՛ Վրաստանի օրենսդրությամբ Հարավային Օսիայում անցկացված հանրաքվեն ոչ մի իրավական ուժ չի ունենա, քանի որ դրանք ճանաչված են որպես օկուպացված տարածքներ։
Գելաձեն նաև ընդգծում է, որ անգամ, եթե Հվ. Օսիան միավորվի Ռուսաստանին՝ մեկ է, Ռուսաստանի ընդունած որոշումներն անօրինական բնույթ կունենան.
«Վրաստանն էլ իր հերթին, իհարկե, թե՛ իրավական, թե՛ քաղաքական դաշտում պետք է քայլեր ձեռնարկի այդ ամենը վեր բարձրացնելու համար։ Հնարավոր է՝ անգամ այդ տարածքները կոչվեն «անեքսիոն», սակայն դրանց ստատուսը մեկ է՝ օկուպացված է լինելու»։
Վրաստանի անվտանգության քաղաքականության ինստիտուտի հիմնադիր Դավիթ Բրագվաձեի խոսքով՝ Վրաստանը պետք է շարունակի միջազգային հանրությանը տեղեկացնել Ցխինվալիում ընթացող գործընթացների և Ռուսաստանի էքսպանսիոնիստական քաղաքականության մասին։
Ըստ Բրագվաձեի՝ Ուկրաինական պատերազմին զուգահեռ՝ Վրաստանի հարցը պետք է հնչի ամենուր, որ ռուսական ագրեսիայի առաջին թիրախը եղել է Վրաստանը, և այժմ էլ Ցխինվալիում փորձ է արվում նույն խաղաքարտը կիրառել, ինչ 2014 թվականին Ղրիմում։
«Իմ կարծիքով, թեև այս ուղղությամբ աշխատանք վաղուց կար, բայց հիմա պետք է գիտակցել, որ Վրաստանը միջազգային պատժամիջոցների փաթեթի մաս է կազմում։ Սակայն ուկրաինական պատերազմի սկզբից Վրաստանի կառավարության վարած քաղաքականության ֆոնին՝ այդ գործողությունների հավանականությունը շատ ցածր է»,-ասում է Բրագվաձեն։
Բրագվաձեն նշում է, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունն արդեն խախտված է։ Ցխինվալիի «միավորումը» Ռուսաստանին ևս մեկ անգամ ընդգծում է Կրեմլի իրական քաղաքականությունը մեր երկրի նկատմամբ։
Բրագվաձեի խոսքով՝ ԵՄ-ն լավ գիտի, որ Ցխինվալիի տարածաշրջանը լիովին կախված է Մոսկվայից և այս առումով կանոններում հատուկ փոփոխություններ չեն արվելու։
Խոսելով Հվ. Օսիայի հնարավոր հանրաքվեի ֆոնին Ռուսաստանից հնչող այն հայտարարություններից, թե հնարավոր է Աջարիան ևս անկախ հռչակի իրեն՝ Վասաձեն ասում է.
«Սրանք ուղղակի սպառնալիքներ և ճնշումներ են, որոնցով փորձում են հասկացնել, որ չերազեք քաղաքակիրթ աշխարհի և Ուկրաինային աջակցելու մասին»։
Բրագվաձեն, սակայն, կարծում է, որ Աջարիայի «անկախության» հարցն արդեն կտրված խաղաթուղթ է.
«Անգամ Ռուսաստանի ոչ կոմպետենտ քարոզիչներից ոչ ոք չէր սպասում, որ այս հարցը կբարձրաձայնվի։ Հիմա դրա մասին խոսելը պարզապես անլուրջ է և անհիմն»։
Վասաձեն սակայն նշում է, որ տեղի ունեցողը ուղիղ կապի մեջ է Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների հետ։
Ըստ Վասաձեի՝ հասկանալի է՝ Ռուսաստանում հասկացել են, որ Ուկրաինայում պարտվել են, ուստի, որպես «ներքին շուկայի կոմպեսացիա», կտարածեն այն միտքը, թե «ա՛յ, Ուկրաինայում ձախողել ենք, բայց Հարավային Օսիան միավորել ենք»։
Բրագվաձեն այստեղ երկու նպատակ է տեսնում․ նախ՝ Ռուսաստանը ուկրաինական աղետից հետո բնակչության մոտ հեղինակության մասնակի վերականգման համար նոր տարածքի «անեքսիա» կսկսի, որն էլ հենց կլինի Ցխինվալիի շրջանի Ղրիմիացումը.
«Երկրորդը ավելի տրամաբանական նպատակ է՝ Թբիլիսիի վրա ճնշումների ավելացումը։ Անեքսիայի հարցը կարող է ճնշման շատ արդյունավետ մեխանիզմ լինել, քանի որ շատերը կարծում են, թե դա էլ ավելի կբարդացնի իրավիճակը և ավելի կսրի Աբխազիայի խնդիրը։ Սակայն, ի տարբերություն Ցխինվալիի, Աբխազիան չի հայտնել Ռուսաստանին միանալու մասին»։
Բրագվաձեն նաև ընդգծում է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի ազդեցությունը գործընթացի վրա բավականին մեծ է։
Բրագվաձեի կարծիքով՝ չնայած Ռուսաստանին միանալու հարցը Ցխինվալիում ավելի շուտվանից էր տարածված, սակայն «այժմ այն լրացուցիչ կարևորություն է ստանում տեղի հանցավոր ռեժիմի համար, քանի որ նրանց ֆինանսական բարեկեցությունն ուղղակիորեն վտանգված է այս նախագծի չկատարման դեպքում»։
Նշենք, որ Հվ. Օսիայի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովն ապրիլի 10-ին կայացած նախագահական ընտրություններից առաջ խոստանցել էր մոտ ապագայում միանալ Ռուսաստանին:
Ավելի ուշ՝ Բիբիլովը РИА Новости-ի հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանին միանալու ցանկության վերաբերյալ հանրաքվեի ընթացակարգերին նախապատրաստվելու նպատակով՝ Ցխինվալիի կառավարությունը պետք է դիմի Գերագույն դատարան։ Բիլբիլովի խոսքով, կան «որոշակի իրավական քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն, Գերագույն դատարանի պատասխանի հիման վրա կսկսվեն նախապատրաստական աշխատանքները և կնշանակվի հանրաքվեի օրը»։
Հարավային Օսիայի դե ֆակտո խորհրդարանի նախագահ Ալան Թադտաևը «Ռես» գործակալությանը հայտնել էր.
«Ներկայումս մշակվում է առաջիկայում նախատեսվող հանրաքվեի անցկացման հարցը։ Հարավային Օսիայի Հանրապետության ժողովուրդը ևս մեկ անգամ արտահայտում է Ռուսաստանին միանալու իր կամքը: Մենք բոլոր հիմքերն ունենք միանալու Ռուսաստանի Դաշնությանը, դրա համար իրավական որևէ խոչընդոտ չկա։ Այսօր գլխավորը հանրաքվե անցկացնելն ու Ռուսաստանի Դաշնությանը միանալն է»:
TASS գործակալությանը տված հարցազրույցում դէ ֆակտո անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան էլ ասել էր, որ «Հարավային Օսիայի միավորումը Հյուսիսային Օսիայի հետ Ռուսաստանի Դաշնության կազմում՝ օսերի ազգային երազանքն է, և Աբխազիան աջակցում է եղբայրական հանրապետության ժողովրդի նման ձգտումներին»:
Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպե Կոֆոդին Վրաստանի նախկին արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ, այժմ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանիի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել էր, որ «Վրացական տարածքների օկուպացիայի ֆոնին բոլորովին անընդունելի է խոսել որևէ հանրաքվեի մասին»։
Մինչդեռ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով՝ Շիդա Քարթլիում «բորդերիզացիան» նպատակ ուներ նախապատրաստել Ցխինվալիի անեքսիային։ Ըստ Սաակաշվիլիի՝ թեև Վրաստանի կառավարությունը դա չի նկատել, սակայն օկուպացված Ցխինվալիի շրջանում Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնելու հարցը դեռ օրակարգային է:
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Լելոյ» կուսակցության առաջնորդներից Բադրի Ջափարիձեն ասել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կապիտուլյացիոն քաղաքականությունը հանգեցրել է օկուպացված Ցխինվալիի շրջանում Ռուսաստանին միանալու հանրաքվեին։
Այս ֆոնին՝ Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովն կարծիք էր հայտնել, թե Աջարիան կարող է հետևել Աբխազիայի և Հարավային Օսիայի օրինակին և «սկսել Վրաստանից անջատման ընթացակարգեր»։