
Թբիլիսիի Art Gallery պատկերասրահում կայացավ Յուրի Մեչիտովի «Սերգո Փարաջանով. երկխոսության տարեգրություն» գրքի շնորհանդեսը։ Մարտի 20-ին, ժամը 19:30-ին տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին արվեստով հետաքրքրված տարբեր ազգերի ներկայացուցիչ անձինք, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ:
Յուրի Մեչիտովի գիրքը հրատարակել է GAMS print հրատարակչությունը` վրացերեն, անգլերեն և ռուսերեն:
«Այս գիրքը 2009 թվականին է լույս տեսել, սակայն վրաց լեզվով թարգմանություն չկար: Իհարկե, 16 տարվա ընթացքում նաև հարստացել է գիրքը, ավելացվել են լուսանկարներ: 200 գրքի օրինակ այժմ կա վրաց լեզվով: Մենք Թբիլիսիում ունեինք Փարաջանովի արձանը, հիմա էլ այս գիրքն ունենք, հետևաբար` առաջընթաց կա», — ասաց գրքի հեղինակը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում:
Հեղինակը նշեց, որ գիրքը վրացերեն առաջին անգամ է հրատարակվել, և մանրամասնեց.
«Փարաջանովի մասին, կարծում եմ, հայերեն աղբյուրները` թե՛ գրքեր, թե՛ թանգարան, Հայաստանում և հայալեզու հարթակներում ավելի շատ են, իսկ վրացիներին մեր փարաջանովյան մշակույթը ցույց տալ հարկավոր է նաև վրաց լեզվով: Այդ իսկ պատճառով էլ ոչ միայն վրացիներին, այլև միջազգային հանրությանը Փարաջանովի արվեստը հասցնելու համար գիրքը հրատարակվել է այս լեզուներով»:
Գրքի նախապատմության մասին խոսելիս Մեչիտովը չթաքցրեց Փարաջանովի և նրա արվեստի հետ իր ամուր կապը.
«Իմ կյանքի ամենամեծ երջանկություններից է այն, որ 11 տարուց ավելի` գրեթե 12 տարի անցկացրել եմ Սերգոյի հետ: Ես ունեմ դասախոսություն որը կարդում եմ շատ լեզուներով աշխարհի մասշտաբով, թեման է` ինչ է հանճար լինելը, և եզրակացրել եմ, որ նրա հանճար լինելը կապված է թբիլիսցի լինելու հետ»:
20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսորը ծնվել ու ստեղծագործել է Թբիլիսիում: Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո՝ 1946 թվականին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ:
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որը, սակայն, անավարտ մնաց: Նա կյանքից հեռացավ՝ չհասցնելով իրականություն դարձնել իր բազմաթիվ մտահղացումներ: Կյանքի վերջին օրերին Թբիլիսիի իր տանն անկողնուն գամված էր, երբ որոշեց տեղափոխվել Հայաստան:
Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ: 1991 թվականից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները, մանրանկարները և Թբիլիսիի բնակարանից տեղափոխած կահ-կարասին:
Փարաջանովի կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում, արձանը՝ Թբիլիսիում:
Հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2005 թվականին սահմանել է Փարաջանովի անվան մրցանակ՝ «Փարաջանովյան թալեր»:
Փարաջանովի մասին ավելին կարդացեք այստեղ: