
Վրաստանի «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստատեսություն) հոգաբարձուների խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել մարտի 21-ին, խորհրդի անդամները քննարկել են ալիքի աշխատակիցների՝ Վասիլ Իվանով-ՉիՔովանիի, Նինո Զաուտաշվիլիի, Կախա Մելիքիձեի և Գիա Իմնաշվիլիի հարցը։ Հեռուստաալիքի իրավաբանը խորհրդի անդամներին ներկայացրել է համապարփակ զեկույց, որը ժամանակագրական առումով ուրվագծել է ալիքի լուրերի լուսաբանումը:
Նիստում հոգաբարձուների խորհրդի անդամները հայտարարել են, որ հեռուստաալիքի աշխատակիցները, որոնք մի քանի ամիս առաջ ընդդիմացել էին ղեկավարությանը, նրանց մեղադրում են զրպարտության համար՝ առանց որևէ հիմնավոր ապացույց ներկայացնելու, ինչի պատճառով էլ հոգաբարձուների խորհրդի անդամները կարծում են, որ տվյալ լրագրողները գործել են որոշակի նպատակներով, ուստի դատախազությունը պետք է հետաքննի այդ հարցը։
«Կարծում եմ, տեղին է, որ դատախազությունն ուսումնասիրի այս հարցը, ինչ են այս մարդիկ ուզում, և ինչու են այս պատմությունները կապվում միմյանց հետ: Եթե դա չանենք, կլինեն շարունակական սադրանքներ: Սա չպետք է մնա այսպես և պետք է լրջորեն հետաքննվի: Սա պետական ռեսուրսների անձնական, քաղաքական և, հնարավոր է, ֆինանսական օգտագործում է», — ասել է Վասիլ Մաղլափերիձեն:
Լրագրող Վասիլ Իվանով-Չիքովանիի խոսքով, այն մեղադրանքը, թե լրագրողները, որոնք բարձրաձայնում էին «Առաջին ալիք»-ի խմբագրական քաղաքականությանը ռեժիմի միջամտության մասին, փորձում էին տիրանալ հեռուստաընկերությանը, ճշմարտության նույնիսկ նշույլ չի պարունակում։
«Չեմ զարմանա, եթե իմ գործողությունները գնահատվեն այնպես, ինչպես հոգաբարձուների խորհրդի անդամների գնահատականն է»,- «Առաջին ալիք»-ի որոշմանն ի պատասխան ասել է Իվանով-Չիքովանին։
- 2025 թվականի փետրվարի 5-ին Վրաստանի «Առաջին ալիք»-ի լրագրող Վասիլ Իվանով-Չիքովանին սոցցանցերում գրել էր, որ այլևս չի վարելու երեկոյան 18:00 լրատվական հաղորդումը, քանի որ, ըստ հեռուստաալիքի, «Մոամբե»-ի պրոդյուսերները հրաժարվել են համագործակցել Իվանով-Չիքովանիի հետ։
- 2025 թվականի փետրվարի 3-ին «Առաջին ալիք»-ի ուղիղ հեռարձակման տնօրեն Կախա Մելիքիձեն ՀԸ-ի հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարել էր, որ իրեն խնդրել են «հնարավորինս շատ ցուցադրել վարչապետի կադրերը» ֆուտբոլային հանդիպման հեռարձակման ժամանակ։