Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն դիմել է համապատասխան ծառայություններին և կոչ է արել վերահսկել տրանսպորտում ուղևորների դիմակ կրելը:
Կալաձեն Թբիլիսիի կառավարության այսօրվա նիստի ընթացքում խոսել է նաև քաղաքապետարանի և այլ շինությունների ներսում դիմակներով տեղաշարժվելու կարևորության մասին:
«Իմ խնդրանքը կլինի աշխատավայրերում պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակ, իսկ այն մարդկանց, ովքեր կարողանում են աշխատել հեռավար, շարունակել նույն ռեժիմով:
Ուզում եմ հանձնարարել համապատասխան ծառայությանը, որ հանրային տրանսպորտում վերահսկվի, արդյոք ուղևորները դիմակ կրում են թե ոչ: Այսպես օգնենք այն մարդկանց, որոնք ամենօրյա ռեժիմով օգտվում են հանրային տրանսպորտից»,- հայտարարել է Կալաձեն:
Նշենք, հանրային տրանսպորտներում պարտադիր է կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն։ Վերջին շրջանում, սակայն, երթուղային տաքսիների դեպքում հանվեց «ոտքի վրա կանգնած» ուղևորների արգելքը, հետևաբար հեռավորություն պահպանելը բարդացել է: Միաժամանակ, որոշ ուղևորներ տրանսպորտ մուտք գործելիս կրում են դիմակ, իսկ օրինակ մետրոյով ճանապարհորդելիս, երբ դիմակ կրելը չի վերահսկվում, չեն կրում այն: