
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստան այցելած Եվրախորհրդարանի պատգամավորներին։ Այս տեղեկությունը տարածել է հանրային պաշտպանի գրասենյակը։
Ըստ հաղորդագրության` հանդիպմանը հանրային պաշտպանը հյուրերին ներկայացրել է իրենց մանդատն ու լիազորությունները, խոսել կառույցի դերի մասին ընթացիկ իրադարձությունների առնչությամբ, նաև տեղեկություններ է տրամադրել գործողությունների ընթացքում ձերբակալված և վիրավորված անձանց հետաքննության մեխանիզմների մասին:
«Եվրապատգամավորներին հետաքրքրում էր նաև Հանրային պաշտպանի գրասենյակի անկախության և գործելու ազատության աստիճանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև հանրային պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եվրախորհրդարանի պատգամավորներն այս պահին հանդիպում են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Այցի շրջանակներում նրանք արդեն հանդիպել են նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին:
Նախատեսված է նաև հանդիպում հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հետ։