Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանրությանն է ներկայացրել օմբուդսմենի նոր տեղակալներին. նրանք են՝ Էլենե Ղուդուշաուրին (փաստաբան, իրավունքի մագիստրոս) և Նաթիա Ջուլակղիձեն (պետական կառավարման մագիստրոս):
«Այսօր, երբ Վրաստանը սպասում է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին, և մենք 12 կետ ունենք կատարելու, ես գիտեմ, որ հանրային պաշտպանի ինստիտուտը կլինի ավելի մեծ ուշադրության ներքո, և նրա հայտարարություններին կհետևեն ավելի ուշադիր, քան երբևէ, ուստի մենք կփորձենք յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր հայտարարություն անել բարձր փաստարկների հիման վրա»,- ասել է Ջուլակղիձեն:
Ի դեպ, Ղուդուշաուրին կհամակարգի և կվերահսկի հանրային պաշտպանի գրասենյակի քրեական արդարադատության դեպարտամենտի, կանխարգելման ազգային մեխանիզմի, ռազմավարական դատավարության բաժնի, վերլուծական բաժնի և մարդու իրավունքների կրթության վարչության, իսկ Ջուլակղիձեն՝ երեխաների իրավունքների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների դեպարտամենտի, գենդերային հարցերի, հավասարության դեպարտամենտի, արևելյան և արևմտյան Վրաստանի գրասենյակների գործունեությունը:
Ընդգծենք՝ օմբուդսմենի տեղակալների պաշտոնում Էլենե Ղուդուշաուրին և Նաթիա Ջուլակղիձեն փոխարինել են Էկատերինե Սխիլաձեին ու Գիորգի Բուրջանաձեին, վերջիններս պաշտոնը լքել են մարտի 30-ին։
Հանրային պաշտպանն ունի ընդհանուր առմամբ երեք տեղակալ։ Թամար Գվարամաձեն, որ մինչ Իոսելիանիի՝ հանրային պաշտպանի պաշտոնում ընտրվելը եղել է հանրային պաշտպանի ժամանակավոր պաշտոնակատարը, մնում է նույն պաշտոնում և լինելու է հանրային պաշտպանի առաջին տեղակալը։