
Վրաստանի հանրային հեռարձակողը, որը վերջին տասնամյակների ընթացքում գտնվում էր Թբիլիսիի Կոստավա փողոցի թիվ 68 հասցեում, հեռարձակումը սկսել է նոր շենքից։
Նոր մասնաշենքից առաջին հաղորդումը «Օրվա թեմա»-ն էր։ Լրագրող Թամթա Սանիկիձեի հյուրն էր «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Բարի գալուստ։ Ուրախ եմ, որ նոր ստուդիայում ձեր առաջին հյուրն եմ։ Ցանկանում եմ ձեզ հաջողություն մաղթել», — ասել է Իրակլի Կոբախիձեն։
Հատկանշական է, որ Հանրային հեռարձակողին մեղադրում են կողմնակալ քաղաքականություն վարելու համար։ Այս գնահատականը տրված է Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի 2024 թվականի ԶԼՄ-ների նախընտրական մոնիտորինգի զեկույցում։ Կողմնակալ խմբագրական քաղաքականության մասին բարձրաձայնում են նաև ամեն օր Կոստավայի թիվ 68 հասցեում հավաքվող եվրոպամետ հանրահավաքի մասնակիցները։