Վրաստանի խորհրդարանը հաստատել է Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի երեք անդամներին։ Որոշումն ընդունվել է այսօր՝ հունիսի 27-ին։
Հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նոր անդամներն են.
- Իզաբելա Օսիպովա (հանրային պաշտպանի քվոտա), կողմ՝ 80,
- Սոսո Ստուրուա (Աջարիայի Գերագույն խորհրդի քվոտա), կողմ՝ 80,
- Գիա Իակոբաշվիլի («Վրացական երազանքի» քվոտա), կողմ՝ 79:
Օսիպովան և Իակոբաշվիլին անցյալ տարիներին ևս եղել են հոգաբարձուների խորհրդի անդամներ, իսկ Ստուրուան աշխատել է որպես Հանրային հեռարձակողի Աջարիայի հեռուստատեսության տնօրեն, իսկ հետո դարձել է նույն հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Ի դեպ, հոգաբարձուների խորհուրդն ընդհանուր առմամբ ունի 11 անդամ, որոնցից յուրաքանչյուրն ընտրվում է վեց տարի ժամկետով։ «Հեռարձակման մասին» օրենքի համաձայն՝ հանձնաժողովի ընտրած թեկնածուներից երեքին հավանություն է տալիս խորհրդարանական մեծամասնությունը, երեքին՝ խորհրդարանական ընդդիմությունը, երեքին՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդը (այստեղ «Վրացական երազանքն» է մեծամասնությունը), իսկ մյուս երկուսին հաստատում է խորհրդարանը՝ հանրային պաշտպանի առաջադրմամբ։