Մարտի 30-ից Վրաստանի Հանրային հեռարձակողը (GPB) ուղիղ եթերով դասեր կհաղորդի դպրոցական երեխաների համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Կորոնավիրուսի հարցերով համակարգող խորհրդի նիստում:
Կառավարության ղեկավարի խոսքով, համաճարակի պայմաններում կրթության նախարարության և հանրային հեռարձակողի համատեղ նախաձեռնությունը կարևոր քայլ է:
«Ինչպես գիտեք, ուսումնական գործընթացը դադարեցված է: Արտակարգ դրության մասին հայտարարվել է մինչև ապրիլի 21-ը, չնայած օբյեկտիվորեն ասած՝ հնարավոր է, որ ապրիլի վերջին ուսումնական գործընթացը վերականգնվի, սակայն հնարավոր է նաև, որ ուսումնական գործընթացը չվերականգնվի:
Այդ իսկ պատճառով, կրթության նախարարությունը որոշակի քայլեր է ձեռնարկել` հեռավար ուսուցումն ուժեղացնելու համար և որպեսզի ամբողջ երկրում հեռավար ուսուցում լինի, Վրաստանի հանրային հեռարձակողի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարտի 30-ից ուղիղ եթերով դասեր հեռարձակվի», — ասել է Գախարիան: