Վրաստանի կառավարության որոշմամբ, Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոցի շենքը կապամոնտաժվի, և նոր կլինիկա կկառուցվի: Առողջապահության նախարարության ներկայացուցիչները հանդիպել են կլինիկայի աշխատակիցների հետ ապագա ծրագրերի և փոխհատուցումների հարցերը քննարկելու նպատակով:
Հանդիպումից հետո ակադեմիկոս Նիկոլոզ Կղիփշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկայի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Թեա Թավարթքիլաձեն ասել է. «Վրաստանին և Թբիլիսիին անհրաժեշտ է բարձր որակավորում ունեցող պետական կլինիկա։ Ես կողմ եմ դրա կառուցմանը»։
Նախարարության ծրագրի ղեկավար Նինո Կվերնաձեն Հանրապետական հիվանդանոցի անձնակազմի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ հիվանդանոցի աշխատակիցներին ներկայացվել է փոխհատուցման չափը, որի վրա նախարարությունն աշխատել է վերջին մեկ ամսվա ընթացքում:
Ի դեպ, հունվարի 22-ին Վրաստանի կառավարության նիստում չորս հարց է քննարկվել: Ինչպես հաղորդում են վարչակազմից, դրանց թվում էր նախկին Հանրապետական հիվանդանոցի մասնաշենքի ապամոնտաժման և դրա տեղում նոր, բազմամասնագիտական կլինիկայի կառուցման հարցը: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, հիվանդանոցի աշխատակիցներից մի քանիսն արդեն աշխատում են պետական տարբեր կլինիկաներում, մի մասն էլ ապահովվելու է աշխատանքով։
Առողջապահության նախարարությունը սկսում է շենքի ապամոնտաժման նախագծի և կլինիկայի նախագծային աշխատանքների գնումների գործընթացը։ Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին ասել է. «Մենք այսօր ստացել ենք կառավարության հավանությունը և կսկսենք ապամոնտաժումը, ինչպես նաև նոր կլինիկայի կառուցման մրցույթի հայտարարումը։ Այս մրցույթը պետք է լինի միջազգային, քանի որ միջազգային փորձը կարևոր է նման պատմական և երկրի համար կարևոր կլինիկայի կառուցման և ստեղծման գործընթացում»։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նոր հանրապետական հիվանդանոցը լինելու է բազմաֆունկցիոնալ, միջազգային ստանդարտների պետական կլինիկա՝ ավելի քան 500 մահճակալով։ Բացի այդ, կկազմակերպվի ամբուլատորիա և 100-ից ավելի մահճակալ ունեցող ցերեկային հիվանդանոց։ Կլինիկայում կտեղակայվի մանկական ուռուցքաբանության և արյունաբանական կենտրոն, կբացվի ժամանակակից չափանիշների արյան կենտրոնական բանկ, ուսումնական տարածքներ, բժշկական գրադարան, հեռաբժշկության տարածքներ և այլն։ Նաև Հանրապետական հիվանդանոցը կպահպանի համալսարանական կլինիկայի կարգավիճակը։
Նիկոլոզ Կղիփշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկան, որը հայտնի է նաև Հանրապետական հիվանդանոց անունով, բացվել է 1973 թվականին։ Վերջինս 24-ժամյա բազմաբնույթ հիվանդանոց է, որտեղ 2008 թվականին ավելացել է շտապ օգնության բաժանմունքը։ Հիվանդանոցը քսանից ավելի ուղղություններով սպասարկում է հիվանդներին, գործում է նաև լաբորատորիան։