Վրաստանի կրթության և գիտության նախարարության (ԿԳ) աջակցությամբ՝ ներառական կրթության ամրապնդման նպատակով, հանրակրթական դպրոցներում մեկնարկում է նոր նախագիծ, հայտնում են ԿԳՆ-ից:
ԿԳՆ-ի փոխանցմամբ, ծրագրի նպատակն է բարելավել հատուկ կարիքներով և հաշմանդամություն ունեցող աշակերտների կրթության որակը, ուժեղացնել ռեսուրսների ֆունկցիոնալ օգտագործումը, անցում կատարել հանրակրթական մակարդակից դեպի հետագա կրթական մակարդակ՝ արդյունավետ փորձի ներդրման և դպրոցական բազայում ծնողական կրթական ակումբների ստեղծման միջոցով։:
Նշվում է, որ ծրագիրն իրականացվում է Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և «Նորարարություններ հանուն ներառական հասարակության» կազմակերպության հետ համագործակցությամբ։
«Ծրագրի շրջանակներում Վրաստանի տարածքում ընտրվել է 10 հանրակրթական դպրոց Թբիլիսիից, Ռուսթավիից, Մառնեուլիից, Թելավիից, Քութայիսիից, Քոբուլեթիից և Բաթումիից: Դրան կմասնակցեն նաև նույն քաղաքների և մունիցիպալիտետների մասնագիտական ուսումնական հաստատությունները և ռեսուրս կենտրոնները։
Անհրաժեշտ է, որ նոր ծրագրի շրջանակներում սահմանված նպատակներին հասնելու և նորարարական մոտեցումների համակարգված ներդրման համար աշխատանքային գործընթացն իրականացվի Վրաստանի ԿԳՆ-ի հետ սերտորեն առնչվող գերատեսչությունների և կառուցվածքային ստորաբաժանումների հետ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: