Բաթումիից Կուպատա անունով հայտնի և բոլորի սիրելի շունը մահացել է։
Կուպատան հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Բաթումիից Բեկա Ցինաձեն տեսահոլովակ էր տարածել, թե ինչպես է շունն օգնում երեխաներին անցնել հետիոտնային անցումը և հաչում օրինախախտ վարորդների վրա։
Հատկանշական է, որ տեսանյութը գրավել էր ոչ միայն վրացական, այլև միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը։
Շունը մի քանի տարի է, ինչ հայտնվել էր Բաթումիի Մելիքիշվիլի փողոցում և ապրում էր բնակելի տներից մեկի մուտքի մոտ։
2020 թվականին Աջարիայի զբոսաշրջության և հանգստավայրերի բաժնի աշխատակիցները Կուպատայի համար տնակ էին կառուցել «Ժողովրդի ընտրություն» մակագրությամբ։ Իսկ Բաթումիի Աբաշիձեի փողոցում գտնվող Վրաստանի բանկի շենքի վրա Կուպատայի որմնանկարն է արված։
Նշենք, որ Կուպատան փողոցում ապրող շուն էր, բայց ուներ տեր, որը տարիներ շարունակ խնամում էր նրան։
Տիրոջ խոսքով՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 21։00-ին Կուպատայի առողջական վիճակը վատացել է, ու նա ցանկացել դուրս գալ փողոց։
«Դուրս եկավ մուտքի մոտ, ուժասպառ պառկեց և շունչը փչեց։ Այնքան բարի էր, որ անգամ տանը չմարեց», — ասում է նա։
Նրա խոսքով՝ Կուպատան փայծաղի ուռուցք ուներ և վերջին ամիսներին ծանր հիվանդ էր։ Շունը մոտ 10 տարեկան էր։
Հասմիկ Պետրոսյան, ստաժոր