Թբիլիսիում խորհրդարանի շենքի հետնամասում հանրահավաք է անցկացվել: Հանրավաքի մասնակիցները երկու պահանջ են ներկայացրել՝ պնդելով, որ վրացական իշխանությունները պետք է հրաժարվեն դեպի Ռուսաստան ուղիղ չվերթերի վերականգնումից, իսկ Ռուսաստանի քաղաքացիների համար պետք է սահմանվի վիզային ռեժիմ:
Հանրահավաքի մասնակիցները պնդել են, որ «թռիչքների վերականգնումը հեռացնում է Վրաստանին Եվրոպայից և մերձեցնում Ռուսաստանին»։
Ընդդիմադիր «Լելո» կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն հայտարարել է. «Վրաստանի բնակչությունն ունի հստակ սահմանված դիրքորոշում, ինչը նշանակում է, որ նրանք չեն ցանկանում, որ ավելի շատ ռուսներ լինեն Վրաստանում, նրանք նույնիսկ ուղիղ չվերթեր չեն ցանկանում Թբիլիսիի և Մոսկվայի միջև։ Այս ամենից հեշտ ելք կա՝ ուղղակիորեն հրաժարվել դեպի Ռուսաստան թռիչքներից»։
Ի դեպ, մայիսի 14-ին քաղաքացիները ստորագրահավաք են սկսել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնման դեմ:
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ ռուսական Azimuth Airlines-ը սկսում է թռիչքները Վրաստանի և Ռուսաստանի միջև։ Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա չվերթը կիրականացվի մայիսի 17-ից՝ շաբաթական յոթ անգամ։
Ի դեպ, 2023 թվականի մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 հրամանագիր արձակեց, որով մայիսի 15-ից չեղյալ համարեց Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը և չեղարկեց երկու երկրների միջև ուղիղ չվերթերի արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականից։
Ռուսաստանի որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունել են այդ որոշումը, մինչդեռ ընդդիմության և մեծ թվով փորձագետների պնդմամբ` Պուտինը նման կերպ «պարգևատրել է» Վրաստանի կառավարությանը։
Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել։