Թբիլիսիում այսօր՝ «Գավրիլովի գիշեր»-ից մեկ տարի անց, «Ամոթ է» շարժման մասնակիցները հանրահավաք էին նախաձեռնել։ Համաճարակի պայմաններում հանրահավաք անցկացնելու թույլտվություն շարժումը ստացել էր՝ հատուկ ցուցումները պահպանելու պայմանով.դիմակների առկայություն, սոցիալական հեռավորություն։
«Միասին՝ օկուպացիայի դեմ» խորագրով ցույցի կազմակերպիչները ներկաների միջև հեռավորությունն ապահովելու համար Ռուսթավելի պողոտայի վրա՝ գետնին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատկերող պիտակներով գծանշումներ էին արել։ Ցույցի մասնակիցները, սակայն, բոլոր հատվածներում չէ, որ պահպանում էին գծանշումներից դուրս չգալու կանոնը։ Հանրահավաքի մասնակիցների մի մասը դիմակով էր, որոշներն էլ օգտվում էին ցուցարարների համար նախատեսված անվճար դիմակներից, քիչ չէր նաև առանց դիմակի մարդկանց քանակը։