Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Թբիլիսիում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի և նրա ստեղծած համակարգի դեմ հերթական բողոքի ցույցն անցկացվեց:
«Ալիք մեդիայի» հետ զրույցում ցույցի կազմակերպիչ, ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն ընդգծեց, որ սա երկրորդ ակցիան է, որին համեմատաբար ավելի շատ մարդ է ներկայացել։
Նա վստահեցրեց, որ հաջողության հասնելու դեպքում ամենաուշը գարնանը կանցկացվեն արտահերթ ընտրություններ։
«Այս հանրահավաքը իմ շահերից չի բխում, սա ողջ ժողովրդի բարեկեցիկ ապագային է միտված։ Քաղաքացիների մեծ մասը վստահ է, թե բոլոր ընտրություններում հաղթելու է «Վրացական երազանքը», սակայն ես հավատում եմ ժողովրդի ուժին և ցանկությանը՝ մենք ընտրում ենք եվրոպական ապագա», — նշում է Ջափարիձեն։
Ջափարիձեն նշում է, որ հանրահավաքներն անցկացվելու են ամեն շաբաթ՝ հետզհետե ընդլայնելով․
«Այսօր Վրաստանում շատ դժվար է գտնել քաղաքացու, ով գոհ է կառավարությունից, բացի նրանցից, ովքեր իրենց անձնական շահն ունեն։ Մենք ազատ ապագա ենք նախընտրում, որը Իվանիշվիլիի և իր համախոհների համար ձեռնտու չէ, մենք կարող ենք հաղթել նրանց»։
Ջափարիձեն իր ելույթում նշեց, որ մյուս հանրահավաքներին կմիանան այլ քաղաքական ուժեր ևս։
«Կարծում եմ՝ բոլորս պարտավոր ենք մասնակցել եվրոպամետ նախաձեռնություններին՝ աջակցություն մեզ, նաև պատերազմող Ուկրաինայի։ Վրաստանի կառավարությունն իր գործողություններով երբեմն հակառակն է ապացուցում աշխարհին։
Անցած հանդիպմանը մոտ 30 մասնակից կար, պայմանավորվեցինք որ ամեն մեկս ևս մեկ հոգու կբերենք՝ ուշադրությունը մեզ ու մեր եվրոպական ձգտումների վրա հրավիրելու համար»,-«Ալիք մեդիայի» հետ զրույցում նշեց ցույցի մասնակից Անա Գրիգոլաշվիլին։
Ցույցին ներկաները Վրաստանի դրոշի կողքին պարզել էին նաև Ուկրաինայի դրոշը, վերջում որոշեցին հանդիպել մյուս շաբաթվա ընթացքում։
Կարդացեք նաև՝