
Վրաստանի Ճիաթուրայի մունիցիպալիտետում մանգան արդյունահանող «Ջորջիան մանգանեզ» ընկերությանը կառավարող «Ճիաթուրա նենեջմենթ քոմփանի»-ի (CMC) հանքափորները միմյանց զգուշացնում են չստորագրել ընկերության առաջարկած դիմումի ձևը, քանի որ դա նրանց աշխատատեղերի կորուստ կարժենա։ Հանքափորները լրատվամիջոցների օգնությունն են խնդրում իրենց գործընկերներին տեղեկացնելու համար։
«Եթե դուք ստորագրեք ընկերության առաջարկած հայտարարությունը, իմացեք, որ ստորագրում եք աշխատանքը կորցնելու դիմումը… Ընկերության հայտարարությունը ստորագրելով՝ ձեր աշխատելու հեռանկարը պայմանավորված է լինելու ընկերության ցանկությամբ: Ավելին` իր համար ընդունելի պայմաններով. ձեր աշխատավարձը կնվազի, և ձեր աշխատանքային ռեժիմը կփոխվի», — ասված է «Հանքափորներ» ֆեյսբուքյան էջի հայտարարության մեջ:
Նույն էջում հրապարակված է դիմումի ձևը, որն ընկերության աշխատակիցներին առաջարկվում է ստորագրել։ Այդ դիմումի ձևում նշված է.
- Ընկերությունը վերակազմավորման փուլում է, որի շրջանակներում որոշ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ։
- Ընկերությունը չի պարտավորվում վերստին աշխատանքի ընդունել ներկայումս աշխատող բոլորին, «ընկերությունը հայտնում է իր պատրաստակամությունը» օգնել թափուր աշխատատեղեր գտնելու հարցում։
- Աշխատանքային ժամերը կրճատվում են հերթափոխային գրաֆիկից (12 ժամ) մինչև 8 ժամ։
Հանքագործները նշել են, որ այդ խնդրագիրը ստորագրելով՝ համաձայնվում են հարյուրավոր աշխատատեղերի կրճատմանը։
Ընկերության մամուլի ծառայությունից վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, թե «վերակազմավորման նպատակն աշխատանքների պատշաճ և արդյունավետ իրականացումն է, ինչն անմիջականորեն կապված է ինչպես ընկերության կադրային քաղաքականության, այնպես էլ շահագործման ծախսերի կրճատման հետ»։