Վրաստանի խորհրդարանի ֆինանսաբյուջետային և ոլորտային տնտեսության ու տնտեսական քաղաքականության հանձնաժողովները չեն աջակցել Ազգային բանկի (ԱԲ) խորհրդին նախագահի ներկայացրած թեկնածուներին։
Հանձնաժողովների համատեղ նիստում Գիորգի Բաքրաձեի և Դիմիտրի Ջափարիձեի օգտին քվեարկած միակ պատգամավորն ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության անդամ Բեքա Լիլուաշվիլին է։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից հավաստիացրել են, որ իրենք չեն կասկածում ներկայացված թեկնածուների գիտակությանը` անկախ այն հանգամանքից, որ չեն աջակցում նրանց:
Ի դեպ, ԱԲ նախագահ Կոբա Գվենետաձեի պաշտոնավարման ժամկետը լրացել է մի քանի ամիս առաջ։ Նրան փոխարինողը պետք է ընտրվի Ազգային բանկի խորհրդի անդամներից։ Նախագահն իրավասու է ներկայացնելու Ազգային բանկի խորհրդի անդամության թեկնածությունները։
«Վրացական երազանքը» ցանկանում էր Ազգային բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել ֆինանսների ներկայիս նախարար Լաշա Խուցիշվիլիին։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չպաշտպանեց այդ առաջարկը և փոխարենը խորհրդարան ներկայացրեց Գիորգի Բաքրաձեի և Դիմիտրի Ջափարիձեի թեկնածությունները։ Իշխող թիմը նախապես հայտարարեց, որ խորհրդարանական մեծամասնությունը չի սատարելու նրանց: