Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ պաշտպանել են հակաԼԳԲՏ օրենսդրական փաթեթը, որը նախատեսում է ԼԳԲՏ անձանց իրավունքների ու ազատությունների սահմանափակում։
Ընդդիմությունը չի ներկայացել քննարկմանը և քվեարկությանը։ Փաստաթուղթը ներառում է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծը և 18 լրացուցիչ գործող օրենքներում փոփոխություններ։ Հիմնական օրենքի նախագիծը բաղկացած է 13 հոդվածից, դրանում նշված խնդիրների իրականացման համար նախատեսվում է փոփոխություններ կատարել կոնկրետ օրենքներում։
Օրենքի նախագծով տրվում են տղամարդկանց և կանանց սահմանումները.
- կին՝ իգական սեռի անձ, որը նույնականացվել է ըստ ժառանգական գենետիկ հատկանիշների,
- տղամարդ՝ արական սեռի անձ, որը նույնականացվում է ըստ ժառանգական գենետիկ հատկանիշների:
«Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը վերաբերում է.
- ամուսնությանը,
- որդեգրմանը և խնամակալությանը,
- սեռափոխության վիրահատությունների արգելմանը,
- ԼԳԲՏ սեռական տեսարանների հեռարձակման արգելմանը,
- սեռական կողմնորոշմանը կամ արյունապղծությանն (ինցեստ) ուղղված տեղեկատվության հեռարձակման արգելքին,
- այս հարցերի շուրջ հեռուստատեսային գովազդի տարածման արգելքին,
- ԼԳԲՏ հարաբերությունների կամ արյունապղծության խթանմանն ուղղված «հանրային հավաքների և/կամ ցույցերի» արգելքին:
Օրենքի նախագծով արգելվում է նաև կենսաբանական սեռի անտեսումն աշխատանքային հարաբերությունների շրջանակներում։ Նախատեսված փոփոխությամբ՝ մայիսի 17-ը պաշտոնապես կլինի «Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օր» և կհայտարարվի ոչ աշխատանքային օր:
Ըստ քաղհասարակության՝ «Վրացական երազանքի» նախաձեռնությունը ԼԳԲՏ անձանց դեմ ֆաշիստական իրավական ռեժիմի հաստատում է: Նրանց խոսքով, դա գրաքննության նոր ձև է և իրականում կազդի բոլորի վրա, ովքեր դասավանդում են գենդերային ժամանակակից տեսություններ, խոսում են այդ տեսություններից և սահմանում իրենց քաղաքական ու քաղաքացիական գաղափարները: Նրանց կարծիքով, օրինագծերն ավելի վատն են, քան Ռուսաստանում և Հունգարիայում սկսված հոմոֆոբ և ֆաշիստական քաղաքականությունն է։