Հանձնաժողովն աջակցեց «գործակալների օրենքի» վետոյի հաղթահարմանը

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն աջակցել է «գործակալների մասին օրենքի» վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոյի հաղթահարմանը։ Հանձնաժողովի անդամների մեծամասնությունն իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի անդամներն են։ Հարցը քննարկվել է այսօր՝ մայիսի 27-ին։

Հանձնաժողովի նիստում մեծամասնության ներկայացուցիչները վետոյի պատճառները ներկայացնող նախագահի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեից ​​պահանջել են հոդվածով վերանայել օրենքի նախագիծը, ինչից Մսխիլաձեն հրաժարվել է։

Խորհրդարանը պատրաստվում է վաղը՝ մայիսի 28-ին, լիագումար նիստում քննարկել վետոյի հաղթահարման հարցը։

Ի դեպ՝ մայիսի 14-ին, չնայած արտասահմանյան գործընկերների կոչերին և զանգվածային բողոքներին, խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց «գործակալների օրենքը», իսկ մայիսի 18-ին նախագահը վետո դրեց դրա վրա՝ այն անվանելով «ռուսական օրենք»։