Վրաստանի հանրային պաշտպանին առընթեր Հանդուրժողականության կենտրոնը և Էթնիկ փոքրամասնությունների խորհուրդը արձագանքել են կառավարական քարոզչական POSTV-ի տարածած տեղեկատվությանը, թե ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն թաքցնում է իր էթնիկ ծագումը։
Հանդուրժողականության կենտրոնի և Էթնիկ փոքրամասնությունների խորհրդի գնահատմամբ՝ սա հայաֆոբ կեցվածքով և քաղաքական պայքարի կեղտոտ մեթոդով քաղաքական շահարկում է։ Կենտրոնը դատապարտում է էթնիկ պատկանելության հիման վրա անձի վարկաբեկումը:
Կազմակերպությունը կտրականապես դատապարտում և անթույլատրելի է համարում «տարիներ առաջ ստեղծված այդ վնասակար «ավանդույթի» թարմացման փորձը՝ երկրի շահերին վնասող՝ էթնիկ նշանի օգտագործումը քաղաքական վարկաբեկման, խտրականության և կարծրատիպերի շահարկման համար»։
Խորհուրդը կոչ է անում նշված ալիքին և հայատյացություն տարածող այլ սուբյեկտներին հրապարակայնորեն ներողություն խնդրել էթնիկ ինքնությունը վարկաբեկելու նպատակով օգտագործելու համար, հետագայում զերծ մնալ նման գործելաոճից, որը հակասում է Վրաստանի ազգային շահերին, ժողովրդավարական հասարակության սկզբունքներին, հավասարության և քաղաքացիական ինտեգրման նպատակին, որ անհամատեղելի է հանդուրժողականության և արժանապատվության վրացական, ընդհանրապես՝ կովկասյան հասկացությունների հետ։
Նույն հայտարարության մեջ խորհուրդն արձագանքում է իշխանական «Ռուսթավի 2»-ի եթերում ադրբեջանական համայնքի առնչությամբ օգտագործվող «սփյուռք» եզրույթին։ Նշենք, որ հոկտեմբերի 10-ին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում տեղեկություն էր տարածվել Վրաստանի ադրբեջանական համայնքի վերաբերյալ, որում օգտագործվել է «սփյուռք» տերմինը։
Իշխանական քարոզչական POSTV-ն շարունակում է հայատյացություն քարոզել: «Վրացական երազանք» կուսակցության քարոզչական ՀԸ-ն այս անգամ Վրաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Լելո» կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեին վարկաբեկելու նպատակով հայատյաց ռեպորտաժ է հրապարակել:
Հիշեցնենք, որ սա POSTV-ի առաջին հայատյաց ռեպորտաժը չէ: Նախորդ շաբաթ POSTV-ի լրագրողը հայատյաց հարցադրումներ էր արել Խազարաձեին: «Ինչո՞ւ չեք խոստովանում, որ հայ եք, ամաչո՞ւմ եք»,- քաղաքական գործչին հարցրել էր լրագրողը: Տեսանյութը կարելի է դիտել այստեղ:
Խազարաձեն արձագանքել էր կառավարական քարոզչական POSTV հեռուստաընկերության (ՀԸ) իր դեմ սկսած հայատյաց արշավին։ Խազարաձեն ասել է. «Իվանիշվիլիի և նրա ենթակաների ռուսական, «կագեբեշնիկական» քարոզչությունը դուրս է եկել բոլոր սահմաններից, որն արդեն մի քանի տարի շարունակվում է իմ դեմ»։