Թբիլիսիում՝ Սոլոլակ թաղամասում, «Էզո» սրճարանի տարածքում տեղի ունեցավ «Սրճարան Եվրոպայում» ծրագրի գրական հանդիպումը։ Վրացի, հայ, լեհ, ուկրաինացի և բելառուս գրողներն ու բանաստեղծները ներկայացրին իրենց որոշ աշխատանքներ, կիսվեցին միմյանց հետ մտքերով։ 5 երկրներից Թբիլիսիում էին հանդիպմանը մասնակցելու համար 9 գրողներ։
Հանդիպումն անցավ գրական սրճարանի մթնոլորտում, որտեղ սեղանների շուրջ նստած ունկնդիրները լսեցին պոեզիայի ընթերցումներ, կենդանի երաժշտության ուղեկցությամբ ունկնդրեցին գեղարվեստական մանիֆեստներ։
Շարժական գրական «Սրճարան Եվրոպայի» գաղափարը ծնվել է լեհական «Pogranice» հիմնադրամում՝ ի պատասխան քննարկման տարածք ստեղծելու անհրաժեշտության՝ գրողների, արվեստագետների համար, ովքեր ստեղծագործական համագործակցության և գաղափարների փոխանակման կարիք ունեն, ովքեր աշխատում են ընթացիկ թեմաներով։
Հանդիպման սկզբին խոսեց բանասեր, քաղաքագետ և Թբիլիսիում անցկացված հանդիպման կազմակերպիչներից Մեդեա Մետրեվելին։ Նա նշեց, որ հանդիպումը որոշել են անվանել «դիլեմա»։
«Դիլեման, դա այն է ինչ ուղեկցել է վրացի ժողովրդին դարավոր պատմության ընթացքում, դուք գիտեք, Վրաստանը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում է։ Եվ մեր մշակույթը երկուսն էլ ներառում է, սակայն վրացական ինքնությունը կապված է Եվրոպայի հետ և մենք էլ Եվոպայի մասն ենք։ Սա հատկապես ակտուալ է, երբ ԵՄ-ը պետք է որոշում կայացնի Վրաստանին ընդունել, թե՝ ոչ։ Սա նշանակում է, որ դիլեման ակտուալ է նաև ԵՄ-ի համար, սակայն հույս ունենք՝ այն հարգելով մեր պատմությունը կկայացնի մեզ համար բարենպաստ որոշում», — նշեց Մետրեվելին։
Այնուհետև՝ հանդիպումը շարունակվեց գրողների և բանաստեղծների կողմից իրենց աշխատանքները ներկայացնելով։ Հանդիպման կազմակերպիչները նշեցին, որ նման հանդիպումներ կկայանան առաջիկա 2 օրերի ընթացքում ևս։