Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։ Վրաստանի ՆԳ նախարարին հյուրընկալել է ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։
Մինչ հանդիպումը Վախթանգ Գոմելաուրին պատվիրակության անդամների և Հայաստանի ոստիկանապետի հետ ծաղկեպսակ է դրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող կոթողին։
Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտոնական հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի խորացնել և զարգացնել Վրաստանի և Հայաստանի իրավապահ մարմինների միջև առկա համագործակցությունը։
«Վախթանգ Գոմելաուրին և Վահե Ղազարյանը խոսել են ոլորտային բարեփոխումների, ընթացիկ նախագծերի, ոստիկանության համագործակցության շրջանակներում տեղեկատվության և փորձի փոխանակման կարևորության մասին։ Վրաստանի ներքին գործերի նախարարը հաջողություն է մաղթել Հայաստանի նորաստեղծ պարեկային ծառայությանը», — ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Հանդիպման ավարտին Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին և վրացական պատվիրակության անդամները պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդում» մեդալով։
Պաշտոնական այցի շրջանակներում ներքին գործերի նախարարի հետ Հայաստանի Հանրապետությունում են նախարարի առաջին տեղակալ Շալվա Բեդոիձեն, փոխնախարարներ Իոսեբ Չելիձեն և Գիորգի Բուտխուզին։
Նշենք, որ ավելի վաղ, Վրաստանի ներքին գործերի նախարարին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: