Վրաստանին տրված եվրոպական հեռանկարը և երկու երկրների հարաբերությունների խորացման հարցերը եղել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռյուտեի հանդիպման հիմնական թեմաները, փոխանցում է Վրաստանի կառավարությունը։
Ղարիբաշվիլին Ռեյկյավիկ կատարած այցի ընթացքում հանդիպել է Մարկ Ռյուտեին, նրան հրավիրել է Վրաստան։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռք բերած առաջընթացին։ Ընդգծվել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու կարևորությունը և Նիդերլանդների Թագավորության աջակցությունն այս գործընթացում։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մարկ Ռյուտեին՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրոպական բարեփոխումների օրակարգին աջակցելու համար։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա հաջող համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Հանդիպմանն անդրադարձել են նաև Վրաստանի և Նիդերլանդների Թագավորության քաղաքական հարաբերություններին։ Նշվել է, որ երկրների միջև քաղաքական ուղղությամբ հարաբերությունները դինամիկ են զարգանում։