Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին հյուրընկալել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ՊՆ-ն։
Նախարարությունից հայտնել են, որ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո պաշտպանության նախարարները դեմ առ դեմ հանդիպում են ունեցել։
«Նախարարները խոսել են հարևան երկրների միջև բարեկամական հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության ու կայունության կարևորության մասին։ Նշվել է, որ այս տարվա հունվարին ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը կնպաստի տարբեր ոլորտներում երկրների միջև համագործակցության ամրապնդմանը», — նշված է հաղորդագրության մեջ։
Տեղեկության համաձայն՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված ուղղությունները։ Համագործակցության պլանը ստորագրվել է Վրաստանի պաշտպանության նախարարի այս տարի Հայաստան կատարած այցի շրջանակում։
Հանդիպմանը ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Պաատա Պատիաշվիլին, պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալներ՝ գեներալ-մայոր Ջոնի Տատունաշվիլին և բրիգադային գեներալ Իրակլի Ճիճինաձեն, Հայաստանի և Վրաստանի դեսպանները։
Հանդիպումից հետո Հայաստանի պաշտպանության նախարարը Հերոսների հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղվող մարտերում զոհված մարտիկների հիշատակին։
Այցի շրջանակներում նախատեսվում է նաև Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։