Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակությունը։ Տեղեկությունը տարածում է ՀՀ սահմանադրական դատարանի մամլո ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ ողջունելով իր վրացի գործընկերոջը՝ ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի սահմանադրական դատարանների երկարամյա համագործակցությունը և հույս հայտնել, որ պաշտոնական այցը նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Մերաբ Տուրավան իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտոնական այց կատարելու հրավերի և ջերմ ընդունելության համար և նշել, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է ստեղծում երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի ամրապնդման համար։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել բարձր մակարդակի շփումները երկկողմանի օրակարգի բոլոր հարցերով ու դիտարկել համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացումը: