Համաշխարհային բանկի թարմացված զեկույցի համաձայն, որը հրապարակվել է հունվարի 8-ին, 2019 թվականին Վրաստանի տնտեսական աճը կկազմի 5 տոկոս: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը:
Համաշխարհային բանկը տարին երկու անգամ` հունվարին և հունիսին թարմացնում է գլոբալ տնտեսական աճի հեռանկարների վերաբերյալ զեկույցը և երկրների տնտեսական աճի կանխատեսումը:
«Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի նման, Արժույթի միջազգային հիմնադրամը և Ասիական զարգացման բանկն ավելացրել են Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը: Համաշխարհային բանկի գնահատմամբ, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների մեջ Վրաստանն ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշներից մեկը կունենա առաջիկա տարիներին: Վրաստանի տնտեսական աճն ամենաբարձրը կլինի տարածաշրջանում: Դրա հետ մեկտեղ, հատկանշական է, որ 2019 թվականի համար Համաշխարհային բանկը Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումն ավելացրել է 0.2 տոկոսով, այն դեպքում, երբ նվազեցրել է Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի տնտեսական աճի կանխատեսումը: Չնայած տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, դրանց բացասական դերը Վրաստանի տնտեսության վրա նվազ է: Համաշախարհային բանկն ուշադրություն է դարձնում վերջին ժամանակներում Վրաստանում տեղի ունեցած հաջողված բարեփոխումներին` կառավարության արդյունավետության, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության տեսանկյունից»,- ասվում է հայտարարության մեջ: