
Համաշխարհային բանկը Վրաստանին հավելյալ 45 մլն. եվրո աջակցություն է տրամադրել՝ երկրի տնտեսության վրա պանդեմիայի ազդեցությունը մեղմացնելու նպատակով:
Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության՝ բանկի գործադիր տնօրենների խորհուրդը որոշումն ընդունել է հունիսի 30-ին.
«Այս դժվար շրջանում, մենք, որպես ամուր գործընկեր, աջակցում ենք Վրաստանին ու հավանություն ենք տալիս Վրաստանի կառավարության՝ արագ ու արդյունավետ հակաճգնաժամային քայլերին, որոնց նպատակը կյանքեր փրկելն է, COVID-19-ի տնտեսական հետևանքների մեղմացումն ու տնտեսական բարեփոխումների ազդեցիկ միտումների պահպանումը», — հայտարարել է Հարավային Կովկասում Համաշխարհային բանկի տաածաշրջանային տնօրեն Սեբաստյան Մոլինեուսը:
Ավելի վաղ՝ ընթացիկ տարվա մարտին, Վրաստանի համար Համաշխարհային բանկը ևս 45 մլն. եվրո էր հատկացրել, որն ուղղվել է տնտեսական կայունության պահպանմանը:
Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի խոսքով՝ Համաշխարհային բանկի աջակցությունը չափազանց կարևոր է, և ուղղվում է պանդեմիայով պայմանավորված կոնկրետ խնդիրների լուծմանը: