Համարձակություն չունեցան. Զուրաբիշվիլին` տապալված բանակցությունների մասին

Ո’չ իշխանությունը, ո’չ ընդդիմությունը համարձակություն ու տղամարդկություն չունեցան` զիջումների գնալ ու համաձայնել Եվրամիության առաջարկներին, որոնք կօգնեին հաղթահարել քաղաքական ճգնաժամը` կարծիք է հայտնել Զուրաբիշվիլին` խորհրդարանում տարեկան զեկույցով հանդես գալու ընթացքում:

«Կառավարությունը համարձակություն չուներ որոշ «դետալներից» վեր դասել երկրի կայունությունը և ժողովրդավարական առաջընթացը, Եվրոպայի հետ ակտիվ համագործակցությունը: Ընդդիմությունն էլ չհամարձակվեց դրսի շանտաժից ու ճնշումից ազատվել, հարգել իրենց ընտրողներին և ընտրել բազմակուսակցական խորհրդարան վերադառնալու քաղաքական ուղին», — ասաց Զուրաբիշվիլին:

Նրա կարծիքով` հաշվի առնելով անվտանգության բազմաթիվ  մարտահրավերները, որոնք առաջ է բերել COVID-19 համաճարակը, քաղաքական պառակտումները, բևեռացումը և «սառեցված» պետությունից դուրս գալու անկարողությունը դառնում են էլ ավելի անհասկանալի:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը ՝ իշխանությունների և ընդդիմության միջև բանակցային գործընթացում միջնորդի ջանքերի համար` համոզմունք հայտնելով, որ Եվրոպական խորհրդի ղեկավարի հատուկ ներկայացուցչի առաջարկած համաձայնագրի տարբերակը կօգնի կողմերին հասնել «պրագմատիկ և հավասարակշռված փոխզիջման»:

Հիշեցում`

Վրաստանում քաղաքական ճգնաժամն արդեն մի քանի ամսական է: 2020-ի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանի նիստերին  գալիս է 60 ընդդիմադիր պատգամավորից միայն 6-ը: Ընդդիմությունը հրաժարվել է ընդունել ընտրությունների արդյունքները, շարունակում է պահանջել նոր քվեարկություն: Իշխանությունն էլ նրանց մեղադրանքները համարում է անհիմն, ասում, որ  նոր ընտրությունների հարցը մեկընդմիշտ փակված է:

Թեման  ծավալուն`

Տապալված բանակցություններ. Վրաստանը ԵՄ-ի «աչքից ընկել է»