Համաներումը որպես «ընտրողների սրտերը շահելու» մեխանիզմ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շրջանում ընդունված «Համաներման մասին» օրենքը միանշանակ չգնահատվեց: Իշխող թիմի ընդդիմախոսները, Վրաստանի նախագահը և փորձագիտական շրջանակները կարծում են՝ «Վրացական երազանքն» օրենքն օգտագործում է բանտարկյալների, նրանց ընտանիքների սրտերը շահելու և ընտրություններից առաջ ձայներ կորզելու նպատակով:

Կոնֆլիկտաբան, Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ համաներումն ինքնին բացասական երևույթ չէ, այն մարդասիրական քայլ է, թեև ընդգծեց՝ կարևոր է, թե որ փուլում, և որ համատեքստում է այն իրականացվում: Ըստ նրա՝ նախընտրական շրջանում համաներում հայտարարելը, այն էլ՝ այսչափ մասսայական, խոսում է այն մասին, որ իշխող թիմը փորձում է շահել բանտարկյալների և նրանց ընտանիքի անդամների սրտերը՝ ձայներ մոբիլիզացնելու նպատակով:

«Համաներումն այնպիսի գործիք է կառավարության ձեռքում, որը հնարավորություն է տալիս կարգավորել հարաբերությունները հասարակության հետ, միևնույն ժամանակ՝ այդ քայլից օգուտ ստանալ նախընտրական շրջանում: Անխոս, համաներումը հիմնականում արվում է ընտրողների սրտերը շահելու համար»,- ասաց Զաքարեիշվիլին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է «Համաներման մասին» օրենքը՝ դրան իրավական ուժ տալով։ Չնայած դրան՝ նախագահն ընտրություններից առաջ օրենքի ընդունումը Զուրաբիշվիլին համարում է ընտրողների ակնհայտ կաշառք։

«Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող կուսակցության նախաձեռնությամբ խորհրդարանի ընդունած «Համաներման մասին» օրենքն ակնհայտ ընտրակաշառք է։ Համաներումն, ըստ էության՝ մարդասիրական ակտ է, և ընդհանրապես, տեղին է այն տրամադրել ընտրությունների ավարտից հետո կամ ընտրություններից շատ առաջ։ Նախագահը հաշվի է առել այն հանգամանքը, որ բազմաթիվ դատապարտյալներ և նրանց ընտանիքները սպասում են համաներման»,- գրել է նախագահի աշխատակազմը։

Ուշագրավ է, որ «Վրացական երազանք»-ը խորհրդարանում «Համաներման օրենք»-ի իր տարբերակն առաջ բերեց՝ անտեսելով նույն օրենքի ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունը: Զուտ իրավական և հումանիտար նպատակներից անդին, Վրաստանում նախընտրական համաներումը մնում է վիճելի թեմա, երբ հիմնական նպատակը «ընտրողների սրտերը շահելն» է։

Նշենք, որ օրենքի նախագծի իրենց տարբերակը խորհրդարանում ներկայացնելիս Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն օրենքի ընդունման պատճառ նշել էր՝ 10 հազարից ավելի բանտարկյալների թիվը և ընդգծել, որ այն պետք է հասցնել եվրոպական օպտիմալ թվի։ Նրա խոսքով, բանտարկյալների թիվը կկրճատվի 1/3-ով

Եվրախորհրդի 2024 թվականի զեկույցի համաձայն՝ բանտարկյալների թվով Վրաստանը Եվրոպայում շարունակում է մնալ երկրորդ տեղում։

«Վրացական երազանք»-ի իրականացրած համարներումները համընկնում են նախընտրական շրջանի հետ, մասնավորապես.

  • «Վրացական երազանքի» իրականացրած առաջին լայնածավալ համաներումը 2012 թվականի նախընտրական խոստումն էր, որը հաստատվեց նույն տարվա վերջին։ 2012 թվականի դեկտեմբերի վերջին հաստատված համաներումը տարբեր կերպ ազդել է հազարավոր քաղաքացիների վրա, այդ թվում՝ խորհրդարանի որոշմամբ քաղբանտարկյալ ճանաչված ավելի քան 200 անձանց։
  • 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հունիսին հաստատված համաներումը ազատել է քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով դատապարտված 70 և ավելի տարեկան տղամարդկանց և 65 և բարձր տարիքի կանանց։
  • 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից մոտ երկու ամսից անց՝ 2021 թվականի հունվարին, խորհրդարանը հաստատեց բավականին լայնածավալ համաներում՝ Քրեական օրենսգրքի մի քանի տասնյակ հոդվածներով՝ բանտարկյալներին ազատ արձակելու կամ նրանց պատժաչափը նվազեցնելու նպատակով։
  • 2021 թվականով է թվագրվում ևս երկու համաներում: Այդ շրջանում Վրաստանում տեղի են ունեցել մունիցիպալ մարմինների ընտրություններ։ Պատասխանատվությունից ազատվել են տարբեր քաղաքացիներ, այդ թվում՝ Covid-ի ժամանակաշրջանում արգելքների խախտողները:

Հիշեցնենք. Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի վերջին լիագումար նիստում՝ սեպտեմբերի 17-ին, 84 ձայնով ընդունվեց «Վրացական երազանք»-ի նախաձեռնած «Համաներման մասին» օրենքի նախագիծը։ Համաներման արդյունքում մոտ 1000 բանտարկյալ անհապաղ ազատ կարձակվի, մոտ 4800 բանտարկյալի պատժաչափը կկրճատվի տարբեր ժամկետներով (1/2-ով, 1/4-ով և 1/6-ով)։ Շուրջ 7000 պայմանական ազատազրկվածների ժամկետը կկրճատվի առնվազն մեկ տարով։

Նշենք նաև, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին՝ լրիվ համամասնական ընտրակարգով: Խորհրդարան կանցնեն այն կուսակցությունները, որոնք կհաղթահարեն 5 տոկոսանոց ընտրական շեմը: