Վրաստանի խորհրդարանը չընդունեց համամասնական ընտրակարգի անցնելու մասին օրինագիծը` ձայների 101 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ: Նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 113 ձայն։
Հիշեցնենք՝ երեկ բուռն քննարկումներից հետո օրինագծի քվեարկությունը հետաձգվել էր։ Խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցությունից հետո նման որոշում էր կայացրել խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն։
Հավելենք՝ «Վրացական երազանքի» կողմից խորհրդարան բերված օրինագիծը ենթադրում էր 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները անցկացնել համամասնական ընտրական կարգով: Սակայն այս օրերին, երբ խորհրդարանն անցավ օրինագծի քննարկմանը, «Վրացական երազանք»-ի որոշ պատգամավորներ, դրժեցին քաղաքական ուժի տված խոստումը՝ դեմ քվեարկելով օրինագծի ընդունմանը:
Ըստ սահմանադրական օրինագծի, մեծամասնական կարգը պետք է վերացվի, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական համակարգով: Ներկայիս օրենքի համաձայն Վրաստանի ընտրական համակարգը համամասնականի է անցնելու 2024 թվականի ընտրությունների ժամանակ:
Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն մինչ այդ վստահություն էր հայտնել, որ եթե խորհրդարանի մեծամասնությունը տապալի համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագիծը, ժողովուրդը փողոց դուրս կգա, իրադարձություններն արմատական հունով կընթանան:
«Այս ամենը հանգեցնելու են փողոցային ցույցերի: Ես ուզում եմ շեշտել, որ սա «Եվրոպական Վրաստան»-ի նպատակը չէ, մենք ուզում ենք ընտրությունների միջոցով ջախջախել «Վրացական երազանք»-ին: Գնդակն այժմ գտնվում է «Վրացական երազանք»-ի դաշտում․ դա «Վրացական երազանքի» պատասխանատվությունն է, քանի որ, կրկնում եմ, եթե նրանք չենք կատարում իրենց խոստումը, ձախողում են համամասնական համակարգի անցումը, ապա ընդդիմությունն ու հանրությունը փողոց դուրս գալուց զատ այլ ելք չի ունենա», — ասել է Բաքրաձեն:
Ըստ նրա, ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ «Վրացական երազանքի» համար ավելի կարևոր են մասնավոր շահերն ու խորհրդարանական մանդատները, քան ժողովուրդն ու երկիրը: