Հակամարտություն չկա միայն գերեզմանում. Ֆրեդերիկ Պետիտ

Ֆրանսիայի խորհրդարանի եվրոպական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ֆրեդերիկ Պետիտը Վրաստանում ԵՄ 8 երկրների պատվիրակության հետ հանդիպումից հետո իր զարմանքն է հայտնել այն իրողության վերաբերյալ, որ պատգամավորը (նկատի ունի Շալվա Պապուաշվիլիին) հրաժարվել է իրենց հետ հանդիպումից։

«Եվրոպան ընտանիք է, Եվրամիությունը՝ հակամարտությունների կառավարման գործիք: Զարմանալի է, երբ պատգամավորն ասում է, որ մեզ հետ չի հանդիպի, քանի որ մենք համաձայն չենք իրենց հետ. դա ժողովրդավարության լիակատար մերժում է: Միակ տեղը, որտեղ չկա հակամարտություն` գերեզմանն է»,- ասել է փոխնախագահը:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժարվել է մասնակցել Եվրամիության ութ երկրների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների պատվիրակության հետ հանդիպմանը։ 

Նա ասել էր, որ պատվիրակության որոշ անդամներ այլ ակնկալիքներ չպետք է ունենան Վրաստանի նկատմամբ բազմիցս դրսևորած ոչ բարեկամական վերաբերմունքի պատճառով։