Վրաստանի խորհրդարանական մեծամասնության՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության 83 պատգամավորների անունից, որոնց թվում են նաև հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը, Վրաստանի խորհրդարանում գրանցվել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող սահմանադրական փոփոխությունների նախագիծը։
Խորհրդարանում այս հարցով բանախոսներ կլինեն «Վրացական երազանքի» պատգամավորներ Մամուկա Մդինարաձեն, Գիորգի Վոլսկին, Անրի Օխանաշվիլին, Ռատի Իոնաթամիշվիլին և Գիվի Միկանաձեն։ Փաստաթուղթը ստորագրել են «Վրացական երազանք» և 2022-ին նրանց շարքերը լքած հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» կուսակցությունների խորհրդարանական մեծամասնության բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Չնայած այն հանգամանքին, որ Սահմանադրության փոփոխությունների դեպքում ԼԳԲՏ անձանց իրավունքները զգալիորեն կսահմանափակվեն, օրինագիծը նախաձեռնած 83 պատգամավորները նշում են, որ «սահմանադրական օրենքի նախագիծը չի հակասում Եվրամիության օրենքին»։
Սահմանադրական փոփոխությունների հետ մեկտեղ, իշխող կուսակցությունը նախաձեռնել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» սահմանադրական օրենքի նախագիծը։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունիա Միատովիչը արձագանքել է Վրաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների սահմանափակման վերաբերյալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությանը։ Ըստ Միատովիչի՝ Սահմանադրությունը փոխելու Վրաստանի իշխող կուսակցության նախաձեռնությունը «նախընտրական մանիպուլյացիա է ԼԳԲՏ ֆոբիայով»։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է՝ Վրաստանի կառավարությունը պատրաստ է ներգրավվել օրենքի նախագծի նախապատրաստման գործընթացում, որի նպատակը, ըստ իշխող կուսակցության՝ «հասարակության պաշտպանությունն է»։