Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 78 ձայնով ընդունել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» հոմոֆոբ օրինագծերի փաթեթը։
Նախագիծը, ի թիվս այլ փոփոխությունների, ներառել է փոփոխություն նաև Վրաստանի «Խոսքի և արտահայտման ազատության մասին» օրենքում։ Գործող օրենսդրության համաձայն՝ խոսքի և արտահայտման բովանդակային կարգավորում կարող է սահմանվել, եթե դա վերաբերում է, օրինակ, զրպարտությանը, բանավոր խոսքի չարաշահմանը, հանցագործության դրդմանը, անպարկեշտությանը և այլն։
Փոփոխություններից հետո անթույլատրելի կդառնա «հրապարակայնորեն այնպիսի հավաք և/կամ ցույց անցկացնելը, որի նպատակն է նպաստել մարդու կենսաբանական սեռից տարբերվող սեռին պատկանելության, հարաբերությունների, նույն կենսաբանական սեռի ներկայացուցիչների միջև հարաբերությունների կամ ինցեստի՝ որպես սեռական կողմնորոշման նշան խթանելուն:
«Հեռարձակման մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններով հեռարձակողները պարտավորվելու են չհեռարձակել ԼԳԲՏ «հարաբերություններն ու ինցեստի» խթանմանն ուղղված նման գովազդներն ու տեղեկատվությունները։ Բացի այդ, արգելվելու է հեռարձակել ԼԳԲՏ սեռական հարաբերությունները և ինցեստը պատկերող կադրերը։
Հունիսի 10-ին նախաձեռնված օրենքի նախագծի քվեարկությունը կատարվելու էր հունիսի 26-ին, սակայն խորհրդարանական մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեի առաջարկով` կայացել է մեկ օր անց։ Մդինարաձեն որպես պատճառ նշել է նիստում ընդդիմության բացակայությունը և նշել, որ հանրությունը պետք է հասկանա իրենց դիրքորոշումն օրենքի նախագծի վերաբերյալ։
Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Վրաստանի կառավարության նախաձեռնած ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը: