Հանրային մեծ հետաքրքրության և կոռուպցիայի բարձր ռիսկի պատճառով Հակակոռուպցիոն բյուրոն նախատեսում է ստուգել Վրաստանի վարչապետի և նրա կաբինետի անդամների հայտարարագրերը: Որոշումն ընդունել է անկախ հանձնաժողովը, որը կազմված է հասարակական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչներից։
Հակակոռուպցիոն բյուրոյի կայքում հրապարակված տեղեկատվության մեջ նշվում է, որ ընթացիկ տարվա ընթացքում բյուրոն որոշել է ստուգել 300 պաշտոնատար անձանց գույքի հայտարարագրերը։
Բյուրոյին հետաքրքրում են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեի, նախարարների կաբինետի անդամների, նրանց տեղակալների և պատգամավորների, ինչպես նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի ունեցվածքի և այլոց հայտարարագրերը:
Ուշագրավ է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի համաշխարհային հակակոռուպցիոն հարցերի համակարգող Ռիչարդ Նեֆյուի այցը Վրաստան` հերթական անգամ ակտիվացրեց տեսակետները երկրում բարձր մակարդակի կոռուպցիոն դեպքերի հետաքննության և դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին։
Ի դեպ, Վրաստանի օրենսդրության համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնյաները պարտավոր են լրացնել հայտարարագրեր, որտեղ պետք է նշեն իրենց ունեցվածքը և ֆինանսական վիճակը։ Փաստաթղթերը ստուգելու իրավունք ունի Հակակոռուպցիոն բյուրոն։
2022 թվականի նոյեմբերի 30-ին խորհրդարանն ընդունեց «Հանրային հիմնարկներում շահերի բախման և կոռուպցիայի մասին» օրենքում փոփոխությունները։ Փոփոխությունների համաձայն՝ ստեղծվել է հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ Հակակոռուպցիոն բյուրո։ Կառավարության պաշտոնյաները նշել են, որ այդ գործակալության ստեղծմամբ Վրաստանը կատարել է եվրոպական հանձնարարականների պահանջներից մեկը։
Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն է պատրաստել Հակակոռուպցիոն բյուրոյի վերաբերյալ: Եզրակացության մեջ նշվում է, որ բյուրոյի ղեկավարի նշանակումն ու ազատումը մեծապես վարչապետի իրավասությունն է, ինչը խնդրահարույց է։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը նշել էր, որ բյուրոյի ղեկավարի նշանակման մեթոդը խնդրահարույց է։ Կազմակերպությունը կարծում է, որ վարչապետի կողմից բյուրոյի ղեկավարի նշանակումը չի կարող ապահովել այս ինստիտուտի իրական անկախությունը, ինչը նրա արդյունավետ աշխատանքի անհրաժեշտ նախապայմանն է։