Գիորգի Գաբունիան՝ իր ոճի մեջ. հակահայկական, կողմնակալ հաղորդումը
Վրաստանյան ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաընկերության եթերում Գիորգի Գաբունիայի «Post Factum» հաղորդման հուլիսի 26-ի թեման հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն է եղել: Հաղորդավարի նախաբանը, ինչպես նաև հաղորդման մաս կազմող ու մանրակրկիտ պատրաստված ռեպորտաժը, ամբողջովին հիմնված են Ադրբեջանի իշխանամետ, հաճախ կեղծ «տեղեկություններ» տարածող haqqin.az լրատվամիջոցի հրապարակումների վրա: Հաղորդումը վերնագրված է՝ «Նոր և մեծ պատերազմում ներգրավված Վրաստանը՝ հայ-ադրբեջանական հակամարտության սահմանին»։
Ստորև ներկայացնում ենք նախկինում բազմաթիվ սկանդալային իրավիճակներ ստեղծած հաղորդավար Գիորգի Գաբունիայի նախաբանը, ինչպես նաև այլ մանրամասներ վերոնշյալ հաղորդման մասին։
«Պակասում էր միայն, որ ուրիշների պատերազմի մեջ ներքաշվեինք: Չնայած սա արդեն ներքաշվել չի կոչվում, եթե իշխանությունն ինքն է որոշում կայացրել Վրաստանի տարածքով զենք անցկացնել ու թշնամանալ 2 հակառակորդ հարևաններից մեկի հետ․ այն էլ հենց նրա, ով մեր ռազմավարական գործընկերն է: Շատ մեծ է հավանականությունը, որ հայկական կողմը ադրբեջանական գյուղերը ռմբակոծել է հենց մեր տարածքով ներմուծած զենքով: Ամեն դեպքում մեր ընկերը՝ Ադրբեջանը, վստահ է, որ այն հենց մեր տարածքով է անցել և մեր իշխանությունն է դա թույլ տվել: Այս մասին արդեն Ադրբեջանի կառավարությունն է խոսում: Եթե սա իրականություն է, հնարավոր է՝ «Վրացական երազանքը» անմիջապես Ռուսաստանի հրամանով է նման որոշում է կայացրել: Ամենաշատը հենց Ռուսաստանին է ձեռնտու, որ մեզ համար կարևոր գործընկեր Ադրբեջանը հեռանա մեզնից: Դավիթ Գարեջայում ստեղծված պատմությամբ սա նրանց չհաջողվեց, հիմա հնարավոր է զենքի տեղափոխմամբ ստացվի»,- հայտարարում է Գաբունիան։ Այս նախաբանից հետո մեկնարկում է ռեպորտաժը՝ հետևյալ բովանդակությամբ․
«Գիտեիք, թե ոչ, ցանկանում էիք, թե ոչ, այսօրվանից ի վեր Հայաստանի դաշնակիցն եք՝ Ադրբեջանի դեմ պատերազմում: Եթե մեր գլխավերևում ռումբ էլ պայթեր, այնպես չէր վնասի, որքան Ադրբեջանի արդեն պաշտոնական մեղադրանքը, որ նպաստել ենք Հայաստան զենք ներմուծելուն: Զենքը սերբական էր և Բաքվի վարկածով՝ մեր միջոցով Հայաստան է մտել երկու երկրների միջև հակամարտության մեկնարկից օրեր առաջ»։
Ռեպորտաժի շրջանակներում Վրաստանի տարածքով անցնող ռազմական մեքենաների՝ ադրբեջանական լրատվամիջոցի տարածած լուսանկարը «ստուգելու» համար Մթավարիի լրագրողը հասել է Սադախլո բնակավայր, որտեղ հարցում է արել տեղում բնակվող ադրբեջանցիներից՝ արդյո՞ք մոտ օրերին նման բեռնատարներ տեսել են: Տեղի բնակիչներից մի մասն ասում է, որ չի տեսել, մյուսը հաստատում է՝ բեռնատարները տեսել են համավարակից առաջ, կան նաև ընդամենը վերջերս մեքենաները «տեսնողներ»:
Ռեպորտաժում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Վրաստանի փորձագետների հարցազրույցներից հատվածներ են ներառված, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի տեսակետը խնդրի վերաբերյալ, բայց նյութի հեղինակ Թենգո Գոգոտիշվիլին իր մոտեցումները հիմնավորում է մեծամասամբ haqqin.az-ի վրա հղվելով՝ որպես «հավաստի ու հեղինակավոր աղբյուրի», թեև այն ճիշտ հակառակ համբավն ունի:
Ռեպորտաժն ամփոփվում է հետևյալ եզրահանգումներով․ «Վրաստանի գլխավոր շահը, իհարկե, կովկասյան խաղաղությունն է: Պետք է լինի: Սակայն առաջնահերթություններ սահմանելիս պետք է հիշենք, որ մեր ռազմավարական դաշնակցի անունն Ադրբեջան է, Հայաստանի դաշնակցինը՝ Ռուսաստան: Ադրբեջանական տեղեկատվական գործակալությունը շատ մանրամասներ չի հրապարակում: Ինչով մի կողմից անվստահության, մյուս կողմից՝ տարբեր վարկածների տեղիք է տալիս: Օրինակ՝ ինչու՞ պիտի Հայաստանը կարիք ունենար այլ տեղից ներմուծել ռուսական կալիբրի և համակարգի զենք, եթե ռազմավարական դաշնակցի արտոնությամբ, Ռուսաստանից կարող է համաշխարհային գներից 60-65 տոկոսով ավելի էժան ցանկացած զենք ու տեխնիկա ձեռք բերել: Իսկ եթե ավելի հեռու գնանք, գուցե այս սխեման ու տեղեկության հրապարակման ժամանակն ուղղված է Վրաստանի ու Ադրբեջանի ռազմական, քաղաքական ու տնտեսական տանդեմի վերացմա՞նը: Ծրագրել է դա Ռուսաստանը թե ոչ, Գյումրիի բազան արդեն տեղից շարժվել է։ Հայաստանի արտգործնախարարությունը չնայած մեր խնդրանքին, լռում է: Հայաստանի, Վրաստանի պաշտպանության նախարարությունների հետ մեկտեղ, լեզուները կուլ են տվել»:
haqqin.az-ի ու Վրաստանի կառավարության երկխոսությունը
Հիշեցնենք, որ ինչպես նախորդ շաբաթ ներկայացրել էինք, ադրբեջանական լրատվամիջոցը «Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանը Վրաստանի միջոցով զենք է ստացել Սերբիայից» խորագրով խմբագրական հոդված էր հրապարակել, վերջում Վրաստանի կառավարութունից պաշտոնական բացատրություն պահանջելով: Բացատրությունն, ի դեպ, չուշացավ: Վրաստանի արտգործնախարարությունը հերքեց տեղեկությունը և այն ապատեղեկատվություն, ինչպես նաև երկու ռազմավարական գործընկերների միջև արհեստականորեն խնդիրներ ստեղծելու նպատակ ունեցող սադրանք որակեց: Միաժամանակ, Ադրբեջանում Սերբիայի դեսպանի պաշտոնակատարը Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել հարցի վերաբերյալ բացատրություն տալու, որտեղ նշել էր, որ «տեղեկություն չունի զենքի տեղափոխման մասին»:
«Haqqin.az»-ի խմբագրական հոդվածն ու պաշտոնական Թբիլիսիի պատասխանը
Սրանից հետո, սակայն, հուլիսի 21-ին ադրբեջանական լրատվամիջոցը ևս մեկ անգամ դիմում է Վրաստանի կառավարությանը, այս անգամ ներկայացնում է բեռնատարների լուսանկար, որոնք իբրև անցնում են Սադախլո բնակավայի մոտ, որն էլ տեղակայված է հայ-վրացական սահմանի մոտ:
Սրա հետ կապված լրագրողների հարցերին պատասխանել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան.
«Վրաստանի ու Ադրբեջանի միջ եղբայրությանը ոչինչ չի սպառնում: Սովորական բեռնատար է առանց ոչինչի: Ի՞նչ զենք»,-ասել է Գախարիան, հիշեցնելով, որ սա ընդամենը լրատվմիջոցով տարածված չճշտված տեղեկություն է, ուշադրության արժանի կլիներ, եթե սա երկու պետությունների միջև քննարկման առարկա դառնար:
Օգտատերերի արձագանքը սոցիալական ցանցում
Մթավարի ալիքի ֆեյսբուքյան էջում հետևել ենք թեմայի հետ կապված մեկնաբանություններին: Օգտատերերի կարծիքները կիսվել են, չնայած մեծամասամբ արձանագրվել են հակահայկական կարծիքներ: Օգտատերերը ֆիքսել են նաև «բարեկամ» արտահայտությունը, որը շատ է հիշատակվում ռեպորտաժում՝ Ադրբեջանի մասին, դեմ են արտահայտվել նման հայտարարությանը, ատելության լեզու են կիրառել բացի հայերից նաև ադրբեջանցիների նկատմամբ: