Հակահայկական քարոզչություն իշխանական մեդիաներով

Հայաստան և Միացյալ Նահանգներ Ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ՝ հունվարի 14-ին վրաստանյան իշխանամետ քարոզչական երկու մեդիաները՝ POSTV-ն և TV Imedi-ն, հակաարևմտյան և հակահայկական ազդագրեր (պոստերներ) էին տարածում: Ըստ փորձագետների՝ իշխանամետ քարոզչամեքենաների նախաձեռնած այդ ազդագրերի տարածումը երկու հիմնական նպատակ ունի. առաջինը՝ խեղաթյուրել տարածաշրջանային իրողությունները, ասել, թե՝ Վաշինգտոնը «երկակի ստանդարտներ» է կիրառում, երկրորդը՝ իշխանությունը շարունակում է հակահայկական, հայատյաց հռետորաբանությունը, որը վերջերս հաճախադեպ է դարձել:

POSTV-ի և TV Imedi-ի ազդագրերում, որը կազմված է 4 լուսանկարից և գրառումից, առաջին երկուսում պատկերված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականին Իրան կատարած երկու այցը, երրորդում՝ 2025-ին ՀՀ այցելած Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը Փաշինյանի արած հայտարարությունն է ու լուսանկարը, և չորրորդ նկարում պատկերված են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ձեռքսեղմման պահին:

Փորձագետներն ասում են՝ «Վրացական երազանք»-ն իշխանամետ քարոզչամեքենաներով փորձում է հեղինակազրկել Արևմուտքին՝ ի դեմս ԱՄՆ-ի, և վնասել տարածաշրջանում միակ պետությանը՝ Հայաստանին, որը շարժվում է եվրաինտեգրման և Արևմտյան ուղղությամբ. այդ նպատակին հասնելու համար «Վրացական երազանք»-ը շարունակում է հայատյաց քաղաքականությունը:

«Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ պետք է նշել, որ վերջին շրջանում «Վրացական երազանք»-ի հռետորաբանության մեջ հաճախակի են դարձել հայատյաց հայտարարությունները:

Միքելաձեն այս համատեքստում հիշում է ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Լելո» կուսակցության հիմնադիր և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեին վարկաբեկելու նպատակով POSTV-ի հայատյաց ռեպորտաժները (1, 2) որի ժամանակ, ըստ նրա՝ POSTV-ն շատ ծանր հայատյաց բառապաշար է օգտագործել՝ ընդդիմադիր գործչին «սևացնելու համար»:

«Մեկ այլ դեպք էլ Վրաստանի քաղաքացի Օլեսյա Վարդանյանի միջադեպն էր, երբ նա ելույթ էր ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, որի ժամանակ քննադատել էր «Վրացական երազանք»-ի արտաքին քաղաքականության փոփոխությունը: Նրան իշխանական քարոզչամեքենաները «ինչ-որ Վարդանյան» էին հիշատակում և շատ բացասական խոսույթ էին կիրառում նրա նկատմամբ, որոնց տողատակերում հստակ հայատյացությունն էր: Մանավանդ, որ այս ամենը տեղի էր ունենում Կոբախիձեի և Բոճորիշվիլիի Բաքու կատարելիք այցից մի քանի օր առաջ: Սակայն այդ դեպքը տեղի էր ունեցել շատ վաղուց, և դրա մեջ նորություն չկար», — ասաց Միքելաձեն:

Ի դեպ, հունվարի 16-ին «Վրացական երազանք»-ի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի Բաքու այցի օրը և «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հունվարի 17-ին Բաքու այցից առաջ, քարոզչական POSTV-ն Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, քաղհասարակության ներկայացուցիչ Օլեսյա Վարդանյանին հեղինակազրկող և հայատյաց հայտարություններով «Ո՞վ է Օլեսյա Վարդանյանը, և ինչպիսի՞ն է իշխող թիմի արձագանքը հերթական հակապետական ​​հայտարարությանը» վերտառությամբ տեսանյութ էր հրապարակել:

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը իշխանամետ մեդիաների ազդագրերում տեղ գտած տեղեկությունը վերլուծում է աշխարհաքաղաքական և հայատյացության տեսանկյունից: Ըստ փորձագետի՝ փաստը, որ ԱՄՆ-ն քննադատում է Վրաստանին Իրանի հետ հարաբերությունների համար, իսկ Հայաստանին՝ ոչ, ունի շատ հստակ պատճառներ: Նրա խոսքով, այդ պատճառներից են.

  • Վրաստանն ունի 4 պետության հետ սահման և ծով, որոնց միջոցով բազմաթիվ պետությունների հետ կարող է կապ հաստատել:
  • Հայաստանն ունի երկու պետության հետ բաց սահման, որից մեկն Իրանն է: Հայաստանը կատարում է Իրանի հետ Արևմուտքի կամրջի դերը: Հայաստանը նաև դեպի Արևմուտք իր առաջին քայլերն է անում, և Արևմուտքը դեռ ընդունում է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ի մաս լինելը, ռուսական զորքի ներկայությունը, ԵԱՏՄ-ի մաս լինելը:

Թումասյանը պնդեց՝ Վրաստանը փոխում է իր արտաքին քաղաքական կուրսը. փչացնում է հարաբերություններն Արևմուտքի հետ և մերձենում բռնապետություններին, այդ թվում՝ Իրանին, իսկ ահա Հայաստանը՝ պահպանելով հարաբերությունն Իրանի հետ՝ մերձենում է Արևմուտքին: Ասաց՝ սրանք համեմատելը «ֆեյք նյուզ է». Վրաստանի համար Իրան այցն առաջին քայլն է, Հայաստանի համար՝ առաջին քայլը չէ, 30 տարի է՝ այդպես է:

«Մենք տեսնում ենք, որ Վրաստանում ատելությունը տարածվում է, նմանատիպ մի դեպք էլ Օլեսյա Վարդանյանի սյուժեն էր: Հայաստանի Արևմտյան ուղուն աջակցելու փոխարեն, փորձում են հայատյացություն քարոզել», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց Թումասյանն ու հավելեց` վերոնշյալ դեպքում ավելի շատ հակահայկական քարոզչություն է, որով փորձում են Հայաստանը ներկայացնել բացասական համատեքստում: Ըստ նրա՝ հայատյացությունը տարբեր աստիճաններ ունի. կարող է լինել շատ ագրեսիվ և շատ մեղմ, այս դեպքում՝  մեղմ է, քանի որ փաստերն օգտագործվում են այլ կոնտեքստում:

«Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիայի անդամ, «Ընտրի՛ր Եվրոպա» քաղաքացիական շարժման համահիմնադիր, վերլուծաբան Լելա Ջեջելավան նշեց՝ POSTV-ն և TV Imedi-ն չունեն ո՛չ գիտելիք, ո՛չ որակավորում տարածաշրջանային քաղաքականության հարցերում, ո՛չ էլ բավարար է Կովկասի պատմության իմացությունը, և շատ վատ են կողմնորոշված ​​ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակում։ Ըստ Ջեջելավայի՝ Վրաստանի հետ ԱՄՆ-ի հետաքրքրությունն այլ է, Հայաստանի հետ՝ այլ:

«Հայաստանի և Իրանի համագործակցությունը երեկ սկսված գործընթաց չէ, պատմական է և այդ ամենի մասին շատ լավ գիտեն ԱՄՆ-ն ու Եվրոպայի բոլոր պետությունները, որոնք հարաբերություններ ունեն ՀՀ-ի հետ: Դա է պատճառը, որ ամբողջովին տարբեր մոտեցումներ կան հայ-իրանական և վրաց-իրանական հարաբերությունների մասով», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց Ջեջելավան:

Ջեջելավան հավելեց, որ հայատյացությունը Վրաստանում չի աշխատում, քանի որ վերջին շրջանում ակնհայտ է՝ հայ երիտասարդները ներգրավված են ներքաղաքական գործընթացներում:

Ինչ կփոխի ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը տարածաշրջանում. հայացք Թբիլիսիից