Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Վրաստանի իշխանության և ընդդիմության մեծ մասի միջև համաձայնությունից հետո հաջորդ շաբաթ կալանքից ազատ կարձակվեն Գիորգի Ռուռուան և Նիկա Մելիան:
Ըստ համաձայնագրի՝ ապրիլի 27-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում կշնորհի Գիորգի Ռուռուային:
Ինչ վերաբերում է ՄԱՇ-ի նախագահ Նիկա Մելիային, կալանքից ազատ արձակվելու համար կողմերը նրան առաջարկում են վճարել գրավը, որը կհատկացնի Եվրամիությունը: Եթե Մելիան չհամաձայնվի գրավի դիմաց ազատ արձակվելուն, ապա ապրիլի 27-ին խորհրդարանում քննարկման կդրվի համաներման նախագիծ, որի ընդունման դեպքում 2019 թվականի հունիսի 20-21-ի գործով բոլոր մեղադրյալներին, այդ թվում Մելիային համաներում կշնորհվի:
Հիշեցնենք, ապրիլի 19-ին Վրաստանի իշխանությունն ու ընդդիմության մեծ մասը համաձայնության հասան: Համաձայնագիրը չեն ստրոագրել 3 ընդդիմադիր կուսակցություն՝ «Միացյալ ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան» և «Լեյբորիստական» կուսակցությունները: