Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետազոտության կենտրոնի կողմից հրապարակված հանրային կարծիքի հարցումների արդյունքի համաձայն, Վրաստանի բնակչության մեծ մասը ընտրություններում կրկին «Վրացական երազանքին» է աջակցելու:
Հարցին, թե եթե առաջիկա շաբաթվա ընթացքում անցկացվեն ընտրություններ, որ կուսակցության օգտին կքվեարկեիք, հարցվածների 26 տոկոսը նշել է «Վրացական երազանքը»: Երկրորդ տեղում է «Միացյալ ազգային շարժումը» 22 տոկոսով, երրորդ տեղում «Եվրոպական Վրաստանը» 7 տոկոսով: «Հայրենասերների դաշինքն» ու «Լեյբորիստական կուսակցությունը» հարցվածների 5 տոկոսի աջակցությունն են ստացել:
Հատկանշական է, որ բավականին բարձր է այն ընտրողների քանակը, որոնք դեռ չեն որոշել ում օգտին կքվեարկեն՝ 22 տոկոսը չգիտի ում կողմ քվեարկի, 55 տոկոսը ընդհանրապես խուսափել է պատասխանելուց:
Բացի այդ, հարցին, թե որ կուսակցության օգտին երբեք չէիք քվեարկի, հարցվածների մեծամասնությունը՝ 29 տոկոսը, նշել է «Վրացական երազանքը»: 25 տոկոսը երբեք ձայն չի տա «Միացյալ ազգային շարժմանը», իսկ 17 տոկոսը «Գիրչիին»:
IRI-ի պատվերով հանրային կարծիքի հետազոտությունը մայիսի 20-ից հունիսի 11-ը ներառյալ անցկացրել է IPM Research մարքեթինգային խորհրդատվական ընկերությունը: Վրաստանի մասշտաբով հարցում է անցկացվել 1500 քաղաքացու շրջանում: