Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաջակցություն «գործակալների օրենքի» պատրաստվում է Թբիլիսիում հանրահավաք անցկացնել։ Այս մասին հայտարարել է կուսակցությունը՝ նշելով, որ դա «համախոհների խնդրանքն է»։
«Մենք ցույց կտանք, թե որտեղ է կանգնած վրաց ժողովրդի ճնշող մեծամասնությունը, ում համար թանկ են ճշմարտությունն ու իսկական եվրոպական արժեքները, մեր ավանդական ազգային արժեքները՝ հայրենիքը, լեզուն և հավատքը», — ասված է հայտարարությունում, որի համաձայն, հանրահավաքը կանցկացվի ապրիլի 29-ին։
Իշխող կուսակցության այս հայտարարությունից պարզվում է, որ հաշվել են «գործակալների օրենքի» դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։ Նրանց հաշվարկով, «հանրահավաքին եկել է 9 հազար 500 մարդ»։
Ի դեպ, «Վրացական երազանքը» «գործակալների օրենքը», որը հայտնի է որպես «ռուսական օրենք», խորհրդարան է վերադարձրել 2024 թվականի ապրիլի 3-ին։ Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին, զանգվածային ցույցերի և միջազգային քննադատության պատճառով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված էր հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից և խոստացավ՝ չվերադառնալ նախագծին։
Օրենքի նախագիծը վերստին խորհրդարան բերելուց հետո Թբիլիսիում զանգվածային ցույցեր են սկսվել․ քաղաքացիները ամեն օր բողոքում են օրինագծի ընդունման գործընթացի դեմ մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց։
Եվրամիությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա դեպի Եվրամիություն Վրաստանի առաջընթացի վրա։