Իրավունքներդ պաշտպանելը համարձակության նշան է, դե էլ ինչ նպատակ, եթե համարձակություն չունես…
«Ես ծնվել և մեծացել եմ Վրաստանի մի փոքրիկ գյուղում՝ փոքր ընտանիքում:
Իմ ընտանիքը պարզ ու մաքուր էր, հայրս ու մայրս էլ՝ սրտաբաց: Ինչպես սովորաբար լինում է հայկական ընտանիքներում, այնպես էլ մեր ընտանիքում «հայրիշխանություն» էր: Ես այն ժամանակ նորմալ էի ընդունում այդ փաստը, քանի դեռ ինքս չունեցա իմ ընտանիքը ու հասկացա, որ կինն էլ հավասար իրավունքներ ունի, կինն էլ ձայնի ու խոսքի իրավունք ունի և կնոջ դերը միայն հնազանդ լինելը չէ:Հասկացա, որ շատ բաներ գալիս է հենց կնոջից և մեզ ավանդաբար փոխանցվում է «հնազանդ կին» լինելու ավանդույթը: Ես չեմ մեղադրում, բայց գիտակցում եմ, որ թելադրողը հասարակությունն է:
Ցանկացած մարդու երբ տալիս ես քեզ իշխելու իրավունք, նա ստանձնում է այդ իրավունքը, իսկ հայ կինը միշտ «փոխանցել է» իր իրավունքը՝ համարելով, որ այո՛, կինը պետք է հնազանդ լինի:
Կյանքի փորձը փոխում է մարդուն, փոխեց և ինձ: Ես հասկացա, որ չպետք է լինեմ այնպիսին, ինչպիսին բոլորը, քանի որ ունեի երազանքներ, նպատակներ, իսկ «ստանդարտով» ես ոչնչի չէի հասնի:
Իմ համար ծանր շրջան էր, երբ ավարտեցի դպրոցս․ ուզում էի ուսումս շարունակել, իսկ ծնողներս ինձ երբեք միայնակ՝ իրենցից հեռու չէին թողել: Ես նույնիսկ դպրոցական հավելյալ պարապմունքների չէի կարող մնալ. եթե փոքր ինչ ուշ տուն գնայի, հայրս կբարկանար: Ես, կարելի է ասել, զրկված էի նաև դպրոցական էքսկուրսիաներից, չէի կարող մասնակցել մեր ընկերական հավաքույթներին և ահա, ես արդեն չափահաս եմ ու պետք է շարունակեմ կյանքս:
Եվ ես ամուսնացա… նոր միջավայր, նոր մարդիկ, նոր կյանք: Որոշեցի, որ պիտի ուժեղ լինեմ և հասնեմ իմ նպատակին․ ես պետք է սովորեի: Ամուսնանալ չէր նշանակում նստել տանը և տան տիկին դառնալ:
Ինձ շատ է օգնել իմ ինքնակրթությունը՝ գրքեր, ֆիլմեր: Միշտ հավանում էի այն կերպարներին, որոնք թեև գրքի կամ ֆիլմի գլխավոր հերոսը չէին, սակայն ուժեղ էին, ինքնուրույն էին հասնում ամեն ինչի:
Ամուսնանալուց հետո սկսեցի պարապմունքների գնալ: Պարապեցի և ընդունվեցի համալսարան՝ հեռակա: Ընտանիք, ամուսին, սովորել և մի օր պարզվեց, որ երեխայի եմ սպասում: Լուրն իսկապես ուրախալի էր, թեև իմ համար նոր բարդություններ էր նշանակում նաև:
Երեխայի ծնվելուց հետո ծանր վիճակում էի, ուզում էի թողնել համալսարանս կամ էլ փոխել բաժինս, սակայն համակուրսեցիներս, հասկանալով իրավիճակս, կողքս եղան, ամեն կերպ օգնեցին և այդ մի փուլն էլ հաղթահարեցի, թեև սովորելուս համար մեծ գին վճարեցի՝ երեխայիս ինձնից հեռու գտնվելն ու ծանր ապրումները.սկսած մի քանի ամսականից, երբ դասերի էի գնում, երեխայիս թողնում էի մայրիկիս մոտ և լինում էր, որ մեկ շաբաթ կամ մեկ ամիս չէի տեսնում երեխայիս: Շատ դժվար էր: Լացելով, բայց շարունակեցի ուսումս:
Այս ամենի հետ իրավիճակն ավելի էին սրում կողքից խոսակցությունները: Մարդիկ, որոնք շատ հաճախ ասում էին, թե ինչիս է պետք սովորելը, որ ես կարող էի տանը նստել ու երեխայիս պահել և որ իզուր եմ սովորում: Հաճախ ամուսնուս հետ վիճում էինք՝ հենց այս, կողքից խոսակցությունների պատճառով:
Բայց կարևորը ես չէի կոտրվում․ հասկանում էի, որ նույնիսկ երեխա դաստիարակելու համար կրթություն է պետք: Մարդ պիտի դեռ ինքը կրթված լինի, որ հետո դաստիարակի իր երեխային և ոչ թե ուղղակի մեծացնի, այլ հասարակության համար լավ մարդ կրթի:
Սկսեցի նաև աշխատել, համեմատաբար թեթև գործ էի ընտրել՝ կոսմետիկայի վաճառք, սակայն կարողանում էի աշխատել և ինքս վճարել իմ ուսման վարձը: Հիմա զարմանում եմ, թե ինչպես եմ կարողացել անել այդ ամենը:
Սովորելս ավարտեցի… և պետք է աշխատանքի ընդունվեի: Սովորելու ընթացքում էլ, սակայն այժմ ավելի մեծ չափով սկսեցի բախվել մի շարք կարծրատիպերի: «Կինը պիտի աշխատի դպրոցում», «կինը ինքը չպիտի աշխատանք փնտրի» և այլն: Ծանր փորձություն էր սպասվում: Եվ կրկին կողքից խոսակցություններ, որոնք բնականաբար ազդում էին նաև մեր ընտանեկան մթնոլորտի վրա: Ամուսինս միշտ հասկանում էր ինձ, սակայն երբեմն ինքն էլ էր հասարակության կարծիքի «զոհ» դառնում:
Դիմեցի մի քանի դպրոց՝ աշխատանքի ընդունվելու համար: Ինձ ասացին, որ ըստ նոր փոփոխությունների՝ պետք է որոկավորման քննություն հանձնեմ: Չվհատվեցի:
Որոշ ժամանակ անց իմ սիրելի ուսուցչուհիներից մեկը զանգահարեց ինձ․ գիտեր, որ ուզում եմ աշխատել, ասաց, որ քննությունների համար գրանցումն սկսված է և չուշացնեմ:
Երկար—բարակ մտածելուց հետո որոշեցինք, որ պիտի մասնակցեմ: Կրկին հասարակության կարծիքն ու կողքից խոսակցությունները… մտավախություն՝ բա որ քիչ միավոր հավաքեմ: Թեև իմ համար կարևորը մասնակցությունն էր:
Ուսուցիչների որակավորման քննության մասնակցեցի: Ընկերուհիս, որ Թբիլիսիում է բնակվում և ավելի լավ է ծանոթ իրավիճակին, պատրաստակամություն հայտնեց օգնել և ամբողջ ընթացքում միայն ասում էր, որ չանհանգստանամ և համարձակ լինեմ:
Առաջին քննության միավորներս բավարար չէին ավագ ուսուցչի որակավորում ստանալու համար, բայց միայն մասնակցությունն անգամ ինձ համարձակություն տվեց դիմելու մի քանի դպրոցների և վերջապես ընդունվեցի աշխատանքի: Որոշ բարդություններով, սակայն հասա նպատակիս, դե իսկ շուտով ստացա նաև ավագ ուսուցչի որակավորում: Բայց այստեղ էլ կանգ չեմ առնում, պիտի շարունակեմ կարիերաս՝ միաժամանակ կարևորելով ընտանիքս:
Իրավունքներդ պաշտպանելը համարձակության նշան է, դե էլ ինչ նպատակ, եթե համարձակություն չունես…»:
Նյութը պատրաստվել է «Աշխատավայրում գենդերային հավասարության աջակցություն — Քվեմո Քարթլիի շրջան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է կանանց հզորացնել աշխատանքային խտրականության հարցում և կանխել գենդերային բռնությունը կանանց աշխատանքային իրավունքների մասին իրազեկվածության բարձրացման միջոցով: Այս հոդվածում արտահայտված տեսակետները ծրագրի թիմի տեսակետներն են և հնարավոր է չարտացոլեն դոնորի տեսակետները: