Հացադուլի մեջ գտնվող Գիորգի Չիկվաիձեի առողջական վիճակը վատացել է

Հարազատների խոսքով՝ հացադուլի մեջ գտնվող բանտարկյալ Գիորգի Չիկվաիձեի առողջական վիճակը վատացել է։

Բանտարկյալի մոր՝ Էկա Ծերեթելիի խոսքով, Գիորգի Չիկվաիձեն նոպա է ունեցել, ոտքերի զգացողությունը կորցրել է, նրան հսկում է նյարդաբանը։

«Գիորգիի վիճակը ծայրահեղ ծանր է, դողում է, չի կարողանում շարժվել։ Այսօր նրան անվասայլակով տեղափոխել են փաստաբանի մոտ։ 5 օր առաջ նրա մոտ երկարատև նոպա է եղել, բժիշկները ենթադրում են, որ ուղեղի վնասվածք է ստացել և դրանից հետո չի կարողանում շարժվել»,- պատմել է Գիորգի Չիկվաիձեի բիզնես գործընկեր Իրակլի Պապիաշվիլին։

Netgazeti լրատվամիջոցի փոխանցմամբ` այսօր կալանավորին այցելելու է օմբուդսմենի ներկայացուցիչը։

Հիշեցնենք. գործարար Գիորգի Չիկվաիձեն մեղադրվում է խոշոր չափի գումար յուրացնելու համար, մարտի 11-ին նա ձերբակալվել է դատարանի դահլիճում, հաջորդ օրը հայտարարել է հացադուլ։