Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազի որոշմանը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի գործով հետաքննության վերաբերյալ։
Սաակաշվիլին ասել է. «Հաագան արդարացրեց ինձ մինչև վերջ, իսկ վրացական դատարանը կարող է ինձ մահապատժի դատապարտել»:
Սաակաշվիլիի խոսքով, վրացիների դեմ Հաագայի հետաքննությունը 2015 թվականին արհեստականորեն սկսել է Վրաստանի արդարադատության նախարարությունը։
«Ինչ վերաբերում է Հաագային, շատ շնորհակալություն գեներալ Կղուրաշվիլիին ու Գոգավային և բոլոր այն զինվորներին, որոնք չնահանջեցին ու վկայություն չտվեցին Վրաստանի ռազմական ղեկավարների և իմ դեմ՝ չնայած մեծ ճնշումներին։ Ձեր խիզախությունը կմնա պատմության մեջ»,- ասել է Սաակաշվիլին:
Ի դեպ, Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը հայտարարել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի գործով հետաքննության փուլի ավարտի մասին։
2016 թվականի հունվարի 27-ին դատախազությունը սկսել է հետաքննել իրավիճակը Վրաստանում՝ կապված մարդկության դեմ հանցագործությունների և Միջազգային քրեական դատարանի իրավասության ներքո գտնվող ռազմական հանցագործությունների հետ, որոնք կատարվել են 2008 թվականի հուլիսի 1-ից հոկտեմբերի 10-ը միջազգային զինված հակամարտության համատեքստում:
Հետաքննության արդյունքում 2022 թվականի հունիսի 30-ին Առաջին նախաքննական պալատը երեք կասկածյալի նկատմամբ կալանքի որոշում է կայացրել։
- Գեներալ-լեյտենանտ Միխայիլ Մինձաև՝ 2005 թվականին նշանակվել է Հարավային Օսիայի դե ֆակտո վարչակազմի ներքին գործերի նախարար մինչև 2008 թվականի հոկտեմբերի 31-ը,
- Համլետ Գուչմազով՝ օգոստոսյան վրաց-ռուսական պատերազմի ժամանակ Հարավային Օսիայի դե ֆակտո ՆԳՆ նախնական կալանքի պետ,
- Դավիթ Սանակոև՝ Հարավային Օսիայի նախագահի մարդու իրավունքների դե ֆակտո ներկայացուցիչ, օգոստոսյան պատերազմի իրադարձությունների ժամանակ նաև հայտնի էր որպես «օմբուդսմեն»: