Վրաստանում սուր շնչառական հիվանդությունների տարածման խնդիրը շարունակում է ակտուալ մնալ: Այս պահի դրությամբ պաշտոնական տվյալներով գրիպից մահացել է 10 մարդ, ոչ պաշտոնական տվյաներով՝ 13 մարդ:
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյի խոսքով, այս պահին գրիպի վիրուսից հիվանդանոցներում բուժվում է մինչև 640 հիվանդ, նրանցից 39-ը վերակենդանացման բաժանմունքում են։
Հիվանդներից ընդամենը 45 տոկոսն է բժշկին դիմել հիվանդության առաջին երկու օրվա ընթացքում:
Առողջապահության նախարարի գնահատմամբ, նախօրեի համեմատ ցուցանիշը դրական է՝ գրիպի վիրուսի պատճառով հոսպիտալացումը 100-ով պակաս է, ինչը լավ դինամիկա է համարվում: Նախարարը հորդորում է գրիպի առաջին ախտանշանների դեպքում ժամանակին դիմել բժշկի:
Բնակչությանը խորհրդատվություն է տալիս նաև առողջապահության համաշխարհային կազմակերպության Վրաստանի գրասենյակի ղեկավար Մարիան Իվանուշան: Վերջինս մամլո ասուլիսի ընթացքում նշել է, որ «Վրաստանում այս փուլում տարածված է չափավոր, սովորական գրիպի վիրուս և արտասովոր ոչինչ չի կատարվում»․
«Գրիպը տարբերվում է սովորական մրսածությունից, սակայն չնայած նրան, որ սա համեմատաբար բարդ հիվանդություն է, հնարավոր է բուժել առանց որևէ տեսակի բարդությունների: Գրիպն առաջացնում է հիմնականում վիրուսը, այս պատճառով հիվանդները ստիպված չեն ընդունել անտիբիոտիկներ: Եթե որևէ տարբերվող դեպք չէ, հիվանդները կարող են տաք հեղուկեր ընդունել և մնան տանը: Եթե ջերմությունը միևնույնն է բարձրանում է, կարող են ջերմությունն իջեցնող հաբեր ընդունել»։
Ռիսկային խմբերն են՝ 65-ից բարձր տարիքի անձինք, երեխաները և հղի կանայք, ինչպես նաև խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:
Գոյություն ունի գրիպի մի քանի տեսակ A,B, C,D: Մարդկանց համար վտանգավոր են այստեղից առաջին երկուսը: Վրաստանում տարածված է գրիպի A տեսակը: Ժամանակին այս վիրուսը պանդեմիական է կոչվել, աշխարհում հայտնվել է 10 տարի առաջ: Այնուհետև գրիպը սկսել է կրել «Խոզի գրիպ» H1N1 անվանումը:
Գրիպից պաշտպանվելու համար հարկավոր է պատվաստվել, ինչի համար լավագույն շրջանը համարվում է խոր աշունը: Այս սեզոնին պատվաստվելն անիմաստ է, քանի որ գրիպի սեզոնն արդեն սկսել է, իսկ պատվաստումը սկսում է պաշտպանել օրգանիզմը 2 շաբաթ անց:
Գրիպի վիրուսի տարածումը կասեցնելու նպատակով հետաձգվել են դպրոցների, մանկապարտեզների, ինչպես նաև բուհերի դասերը:
Դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնական գործընթացը կվերսկսվի հունվարի 21-ին:
Թբիլիսիի պետական համալսարանում և Իլիայի պետական համալսարանում ուսումնական գործընթացը կմեկնարկի հունվարի 21-ին:
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմնաձեն անդրադարձել է ուսումնական գործընթացների հետաձգմանը: Նրա խոսքով, սա հիմնականում հետխորհրդային երկրների պահանջ է՝ փակել դպրոցները, մանկապարտեզները:
«Գոյություն ունի արևմտյան երկրների փորձը: Փակելով դպրոցներն ու մանկապարտեզները, արդյո՞ք երեխաները մարդկանց հետ շփում չեն ունենա: Առանց ուսումնական հաստատությունների չե՞ն հիվանդանում»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է դեղորայքին, Վրաստանի առողջապահության նախարարության տարածած հայտարարության համաձայն, հակավիրուսային «Տամիֆլու» դեղամիջոցի խմբաքանակն այսօր կմտնի Վրաստանի դեղատներ: Դեղատները պատվիրել էին 3 հազար տուփ «Տամիֆլու», իսկ նախարարությունը դեղատներին ապահովել է ևս 800 տուփով: Մոտ օրերի ընթացքում նախարարությունը կստանա ևս 10 հազար տուփ:
Ինչ վերաբերում է բժշկական դիմակներին, որոնց պակասը զգացվում էր վերջին օրերի ընթացքում դեղատներում, նախարարությունը հայտարարել է, որ դրանք պետք է ձեռք բերեն դեղատները:
«Ալիք մեդիան» փորձեց ճշտել, արդյո՞ք Վրաստանի սահմանին քաղաքացիներն անցնում են բուժզննում, սակայն օրերս Վրաստան-Հայաստան սահմանը մեքենայով հատած քաղաքացիների մի մասը վստահեցրեց, որ որևէ զննում տեղի չի ունենում։