Գյուլիբաղում գյուղացիների մեծամասնությունը ջուր չունի

2022 թվականին Մառնեուլիի շրջանի Գյուլիբաղ գյուղում ընթացել են խմելու ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ: Հարկ է նշել, որ վերոնշյալ գյուղում առաջին անգամ են կառուցվել ջրային ենթակառուցվածքներ: Ծրագրի շրջանակներում կառուցել են ջրհոր, երկաթբետոնե ջրամբարներ և  ներքին ցանցավորում։ Խմելու ջրի ներքին ցանցի կազմակերպման ընթացիկ աշխատանքները ստուգել է Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետ Քենան Օմարովը` խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեի հետ միասին: Ենթակառուցվածքային աշխատանքների արժեքը կազմել է 652 հազար 494 լարի, որն իրականացվել է կենտրոնական և տեղական բյուջեների համաֆինանսավորմամբ։

Ըստ Մառնեուլիի շրջանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության՝ աշխատանքների ավարտից հետո ամբողջ գյուղը պետք է ապահովված լիներ ջրով: 

Սակայն, գյուղացիներն այլ բան են փաստում։

«Դեռ աշխատանքների ընթացքի ժամանակ գյուղացիները նկատել և զգուշացրել են, որ ջրագիծը սխալ է կառուցվում: Սխալ ջրաբաշխման հետևանքով մինչ օրս ջրաչափերը չեն միացվել: Այս ամենի հետ մեկտեղ՝ զարմանալի չէ, որ խողովակները հաճախակի վնասվում են, գյուղի վերին մասում գտնվող տները հազվադեպ են ջուր ունենում, այն էլ` շատ բարակ»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում պատմեց Գյուլիբաղի բնակիչներից մեկը։

Բնակչի խոսքով, ինչ որ պլանավորել են կառուցել գյուղում՝ ջրհոր, երկաթբետոնե ջրամբարներ և  ներքին ցանցավորում, կառուցված են, բայց գյուղի կեսը ջուր չունի: 

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը փորձեց կապ հաստատել Մառնեուլիի քաղաքապետարանի աշխատակիցների և սակրեբուլոյի անդամների հետ, բայց այդպես էլ ոչ մի պատասխան չստացավ։ 

Գյուղացիներն առաջիկայում պատրաստվում են բողոք ներկայացնել քաղաքապետարան։ Հետագա զարգացումներին նույնպես կանդրադառնանք։