Վրաստանի կառավարության այսօրվա նիստում կառավարության անդամները քննարկել են օրենքի նախագիծ, ըստ որի՝ խիստ տուգանք է սահմանվելու գյուղատնտեսական նշանակության հողերը հրդեհելու համար։
Տեղեկության համաձայն, օրենքի նախագծով նոր վարչական տուգանք կսահմանվի հողամասում հացահատիկային բույսերը հրդեհելու համար. 1 000 լարի ֆիզիկական և 2 000 լարի իրավաբանական անձանց համար։
«Օրենքի նախագիծը պատրաստվել է բերքահավաքից հետո գյուղատնտեսական ցանքատարածությունները հրկիզելու համատարած վնասակար պրակտիկայի պատճառով, որը մեծ վնաս է հասցնում հողին ու շրջակա միջավայրին։ Դրանից բացի, մեծ է հրդեհի տարածման հավանականությունը դեպի մոտակա հողատարածքներ, դաշտեր, անտառներ կամ բնակավայրեր։
Կառավարության նիստում ընդունվել է «Վրաստանի մունիցիպալիտետներում (բացառությամբ` ինքնակառավարվող քաղաքների) կանաչ բույսերի ընտրության, տնկման և խնամքի պայմանների մասին» որոշման նախագիծը։ Նոր նախագծի համաձայն՝ քաղաքային միջավայրում կստեղծվեն հանգստի գոտիներ, որոնք կնպաստեն բնակչության առողջության, բարեկեցության և կյանքի որակի բարելավմանը։
Այս ծրագրի նպատակն է նպաստել մունիցիպալիտետներում քաղաքային տարածքների կանաչապատման միասնական և պատշաճ համակարգի ներդրմանը` հաշվի առնելով կանաչ բույսերի ընտրության, տնկման և պահպանման պայմանները»,- նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ: