«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների քվեարկության գաղտնիության խախտման հետ կապված իրավական պայքարը շարունակում է:
Այս հարցով GYLA-ն դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան: ՀԿ-ն պահանջում է.
- անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ընդունած 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ամփոփ արձանագրությունը,
- չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները,
- արտահերթ ընտրություններ նշանակել:
«Քվեարկության գաղտնիությունը Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, և դրա խախտումն անթույլատրելի է։ Այդ իրավունքը ժողովրդավարական գործընթացների հիմքն է, և դրա անտեսումը խախտում է ընտրական գործընթացի օրինականությունը», — նշել է GYLA-ն:
Նշենք, որ նոյեմբերի 16-ին ԿԸՀ-ն հաստատել է ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը. խորհրդարանական ընտրություններն ամփոփված են։
Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները ճանաչում է միայն իշխող կուսակցությունը։ ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքներով՝ 11-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ն ստացել է 150 մանդատից 89-ը, մինչդեռ չորս ընդդիմադիրները ունեն ընդհանուր 61 մանդատ։ Ընդդիմությունը պնդում է` ընտրությունները կեղծվել են։
Ընտրական վարչությունը և դատարանը չեն բավարարել հասարակական սեկտորի ներկայացրած բողոքների մեծ մասը։
Միջազգային հանրությունը Թբիլիսիին կոչ է արել օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ընտրությունների վիճելի արդյունքների վերաբերյալ՝ ստուգելու համար կեղծիքների հետ կապված «լուրջ կասկածները»։