GYLA-ն Մզիա Ամաղլոբելիի անունից դիմել է Ստրասբուրգի դատարան

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) դիմել է Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ «Բաթումելեբի» և «Նեթգազետի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի անունից։

Հայցադիմումում նշված է Եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտում։

«Այս բողոքը հիմնավորում է, որ Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար իրավունքները, ինչպիսիք են՝ ազատության և անվտանգության իրավունքը (Կոնվենցիայի 5-րդ հոդված), արդար դատաքննության իրավունքը (Կոնվենցիայի 6-րդ հոդված), անձնական և ընտանեկան կյանքի հարգման իրավունքը (Կոնվենցիայի 8-րդ հոդված), խոսքի ազատությունը (Կոնվենցիայի 10-րդ հոդված), Կոնվենցիայի 13-րդ հոդվածը՝ 8-րդ և 10-րդ հոդվածների հետ համատեղ (արդյունավետ իրավական պաշտպանության իրավունք), իրավունքների սահմանափակումների կիրառման շրջանակը (Կոնվենցիայի 18-րդ հոդված)», — ասել է GYLA նախագահ Նոնա Քուրդովանիձեն կազմակերպությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք. Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 12-ին Բաթումիի ոստիկանության գլխավոր շտաբի դիմաց։ Նա մեղադրվում է Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։